Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաքսային միությունը կարող է ազդել լրատվամիջոցների աշխատանքի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
xosqi-azatutyun

2013 թվականը Հայաստանի լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Պարոն Մելիքյանի տեղեկացմամբ՝ 2013 թվականին 2012-ի համեմատ 6-ով աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը: «Աճել է նաև ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը՝ 37-ից դառնալով 57»: Դրա փոխարեն, ըստ պարոն Մելիքյանի, նվազել են տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները: 2012 թվականին գրանցվել է 23 այդպիսի դեպք, իսկ 2013-ին՝ 10: 2013 թ. նշանակալի իրադարձություններից ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը առանձնացրեց 3-ը: Առաջինը հունիսի 19-ին ԱԺ ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքն էր, որով 6 ամսով հետաձգվեց Հայաստանի տարածքում անալոգային հեռարձակման ամբողջական դադարեցումը: Երկրորդը՝ սեպտեմբերի 30-ին ԱԺ-ի ընդունած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծն էր, որը կնվազեցնի «copy-paste»-ի դեպքերը: Եվ երրորդը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության հավանության տված փոփոխությունների փաթեթն էր, որի համաձայն՝ Հանրային հեռուստատեսությամբ, որոշ բացառություններով, արգելվելու է ցուցադրել առևտրային գովազդը: Մամուլի ասուլիսից հետո Մաքսային միությանը անդամակցության դեպքում լրատվամիջոցների վիճակի վատթարացման հնարավորության մասին Aravot.am-ի հարցին պարոն Մելիքյանը այսպես պատասխանեց. «Մաքսային միությունը, որպես այդպիսին, պետք է, որ չազդի այս գործընթացների վրա, քանի որ այն պետք է ավելի շատ տնտեսական, ֆինանսական, մաքսային ոլորտներին առնչվի և այլն: Սակայն այն երկրները, որոնց հետ պետք է համագործակցի Հայաստանը, կարող են, իհարկե, որոշ ազդեցություն թողնել լրատվամիջոցների աշխատանքի վրա: Լավ կլիներ, որ այդ երկրները այս ոլորտում օրինակ վերցնեին Հայաստանից, իսկ Հայաստանն էլ՝ Մերձբալթյան երկրներից»: