Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ճնշումներ են գործադրում» (տեսանյութ)

Քաղաքականություն
3b2cb6ee27bb56ea7b8c048b8e3b6103

«Ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին առաջինը բարձրաձայնած և ձերբակալված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործը մտնում է փակուղի,- ահազանգում է նրա փաստաբան Արա Զաքարյանը,-այսպես շարունակվել չի կարող»: Պահեստազորի գնդապետի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու որոշումը փաստաբանը համարում է ակնհայտ անօրինական. «Առաջին ատյանի դատարանը բերել է այնպիսի պատճառաբանություններ, որոնք ակնհայտորեն հակասում է Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներին»։ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումից անցել է շուրջ 4 ամիս: Արա Զաքարյանը պնդում է՝ այդ ընթացքում քննիչը որևէ էական գործողություն չի իրականացրել. «Իսկ դատարանները կուրորեն երկարացնում են կալանքը, այս ամենը իրար գումարելով՝ տեղիք է տալիս ասելու, որ իշխանությունները Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում են իրականացնում»։ Դեռ որքան կարող է երկարացվել Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետները, նրա ընկերներից բլոգեր Արման Սուլեյմանյանը դժվարանում է ասել, փոխարենը վստահեցնում է՝ նրա նկատմամբ ճնշումները շարունակվում են. «Սխեման կոմունիստական ժամանակաշրջանից չի փոխվել. մարդուն պահում են կալանքի մեջ՝ պատանդի կարգավիճակում, նրան այցելում են մարդիկ, առաջարկում ստորագրել տարբեր թղթերի տակ։ Այս բանակցությունները գնում են, ես վստահ եմ»,- ասում է բլոգերը: Արման Սուլեյմանյանը հավաստիացնում է՝ եթե Վոլոդյա Ավետիսյանը գործարքի գնար իշխանությունների հետ, նա արդեն ազատության մեջ կլիներ. «Իշխանությունները, դատական իրավական համակարգը մի հատ շիլափլավ են եփել, որի շարունակությունը չեն տեսնում, գործը բերեն դատարան, խայտառակ են լինելու, չբերեն՝ հերթական անգամ երկու ամսով հետաձգեն, կրկին խայտառակ են լինելու, մյուս կողմից էլ, եթե Վոլոդյա Ավետիսյանը թուրքից չի վախեցել, երկու պաշտոնյայից չի վախենա»: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 6 երեխաների հայր է, որոնցից 3-ը անչափահաս են։