Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՋԱԴԵՊ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Այսօր երկրաշարժի 17-րդ տարելիցի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը այցելել էր Գյումրի: Ծաղկեպսակ դնելուց հետո պաշտոնական պատվիրակությունն ուղեւորվել է մարզպետարան, որի շենքի մոտ տեղի է ունեցել միջադեպ. հրապարակում հավաքված մարդիկ, հիմնականում կանայք, փորձել են մոտենալ Քոչարյանին եւ իրենց խնդիրները ներկայացնել:

Սակայն ոստիկանները խոչընդոտել են նրանց: «2-3 ոստիկան չէին կարողանում պահել մի կնոջ, ով փորձում էր մոտենալ Քոչարյանին»,- այս մասին տեղեկատվություն է տարածել Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը: Լուրը մեզ փոխանցեց Գյուրիի ՀԺԿ տարածքային կառույցի ղեկավար Արտաշես Կարապետյանը, որը պատմեց հեռուստատեսությամբ իր տեսածը. «Կանայք ինչ-որ բաներ էին գոռում, անվայելուչ արտահայտություններ, ոստիկաններն էլ թույլ չէին տալիս նրանց մոտենալ Ռոբերտ Քոչարյանին»:

Ի դեպ, լրագրողներին եւս չի թույլատրվել մոտենալ Ռոբերտ Քոչարյանին: Այս տեղեկատվությունը ճշտեցինք նաեւ «Գալլա» հեռուստատեսությունից. նրանք միջադեպը ներկայացրին ավելի մեղմ գույներով. «Որոշ մարդկանց չհաջողվեց մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, որոշ մարդկանց հաջողվեց»:

Պաշտոնական լրահոսն, իհարկե, այս մասին լռում է: