Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՑՈՒՑԱՓԵՂԿՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ

Մշակույթ

Հայկական նոր եւ հին արվեստի համադրությամբ ստեղծված կաշվե պայուսակներ, հագուստներ, կոշիկներ, տիկնիկներ, ասեղնագործ լուսամփոփներ, կերամիկական, թանկարժեք մետաղներից, քարերից պատրաստված իրերն այսօր ցուցադրվում էին կողք-կողքի:

«Հայաստանի գանձեր» ընկերությունը ստեղծվել է 2004թ. եւ նպատակ ունի Հայաստանում ու արտասահմանում ներկայացնել Հայաստանի գանձերը՝ արվեստի եւ արհեստի ուղղությունները: Ընկերության մարքետինգի տնօրեն, 1999թ. «Միս Հայաստան» Գոհար Հարությունյանի խոսքերով. «Այս խանութի բացումը նպատակ ունի նաեւ նոր շուկաներ ստեղծել, ճանապարհ հարթել հայ տաղանդավոր արվեստագետների համար՝ աշխարհին ներկայանալ իրենց գործերով, վաճառել դրանք, ստանալ եկամուտ եւ ստեղծել էլ ավելի մեծ գործեր»: Տաղանդավոր այս մարդկանց նրանք դեռեւս բացահայտում են ծանոթների միջոցով, սակայն շուտով կստեղծվի նաեւ ինտերնետայի կայք, որտեղ կներկայացվի ոչ միայն ընկերության հավաքածուն, այլեւ կբացահայտվեն նոր շնորհալիներ: Մտադրություն կա մարզերում բացել ուսումնարաններ ու տեղում կրթել նրանց:

Ցուցահանդես-վաճառքին ներկայացված ամբողջ տեսականին ձեռքի աշխատանքներ են, եւ երեւի դա էր պատճառը, որ գները հայկական միջին շուկայի համար բավականին թանկ էին՝ մեկ տիկնիկն, օրինակ` արժեր 30 հազար դրամ: Թեեւ հիմնադիր- տնօրեն Նինա Հովնանայան-Ալեքսանյանի հավաստմամբ.«Տուրիստները ցանկանում են փող ծախսել, ցանկանում են գնել հայկական արվեստի լավ գործեր, լավ ապրանք, եւ հարցնում են՝ ու՞ր են դրանք: Նրանք բարձրարվեստ գործեր են ցանկանում՝ իսկական հայկական մոտիվներով, այլ ոչ ցածրորակ սուվենիրներ»: Տիկին Նինայի ձեռքի աշխատանքները եւս ներկայացված էին այստեղ՝ պայուսակներ, հովհարներ, թիկնոցներ, ի դեպ, ոչ միայն կանացի:

«Տղամարդիկ ինձ շատ են հարցնում՝ մեզ համար բան մը չունիք, ես էլ, ի մեծ զարմանս իրենց, ցույց եմ տալիս առաջարկվող մեծ տեսականին»,- ժպիտով ավելացրեց նա:

Ի դեպ, ցուցասրահը տեղակայված է 1914թ. կառուցված շենքի երկրորդ հարկում, որտեղ տեղավարված էր Երեւանի առաջին հիվանդանոցը, եւ որտեղ ժամանակին տնային կալանք է կրել Հովհաննես Թումանյանը: Հին երեւանյան այս շենքի սյուները, աթոռները, պատուհանները գրեթե ամբողջովին վերականգնվել են :