Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՉՓՐԿԵՑ ՍՈՍԻՆ

Մշակույթ

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության համագումարը, որը թեեւ սկզբից նորմալ հունով էր ընթանում, սակայն մի պահի դուրս եկավ իրավիճակը վերահսկողությունից: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, որբ միության նախագահ Երվանդ Ղազանչյանի գործունեությունը սկսեցին քննադատել օրինակ «Գոյ» թատրոն- լաբորատորիայի գլխավոր ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

Իսկ ամեն ինչ ավելի սրվեց այն պահից, երբ միության նախագահի թեկնածուների անունները հնչեցին` Երվանդ Ղազանչյան, որն արդեն երրորդ անգամ էր այդ պաշտոնում ընտրվելու, «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Սարգսյանը եւ կինոյի ու թատրոնի ինստիտուտի ռեկտոր Սոս սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը ինքնաբացարկ հայտնեց: Ինքնբացարկի փորձ արեց նաեւ Երվանդ Ղազանչյանը, որը հայտարարեց, որ չի կարող իր եւ Սոս Սարգսյանի անունը մի հարթության մեջ լինել, իրենք վաղեմի ընկերներ են եւ ինքը չի ուզում մրցակցել նրա հետ: Իսկ Սոս Սարգսյանը Հայաստանում չէր, սակայն իր թեկնածության առաջադրման համաձայնություն տվել էր եւ դեռ նամակով պատրաստակամություն էր հայտնել լավ ղեկավարել միությունը` ընտրվելու դեպքում:

Այս փաստը վրդովեցրեց միության անդամներին եւ օրինակ բազմավաստակ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը ընդվզեց, հայտարարելով, որ նամակով նախագահ չեն դառնում, ապա նկատեց, որ մի օր չի տեսել, որ Սոս Սարգսյանը հետաքրքրվի կոլեգաներով: «Ում ունի թիկունքո՞ւմ` դաշնակցությանը»,- զայրացած գոչեց տիկին Վարդերեսյանը:

Իսկ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, որը վարում էր համագումարը, փորձեց պաշտպանել սոս Սարգսյանին, «Դուք խոսում եք հայտնի, հարգված... »: «Ես գիտեմ` ում մասին եմ խոսում»,- նրան ընդհատեց վարդուհի Վարդերեսյանը:

Բորբոքված կրքերի մթնոլորտում անցկացվեց թատերական գործիչների միության նախագահի բաց ընտրություններ, որտեղ երրորդ անգամ միության նախագահ վերընտրվեց Պարոնյանի անվան երաշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: