Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԼԻՍԱՆ ՆՈԲԵԼՅԱՆԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մշակույթ

Ստոկհոլմում առաջիկա մի քանի օրում կորոշեն, թե ով է այս տարվա գրականության Նոբելյան մրցանակակիրը: Այս օրերին Երեւանում է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսա Կիրակոսյանը, որին 1997-ին ԵՊՀ-ն եւ գրական մի շարք կազմակերպություններ ներկայացրեցին Նոբելյան մրցանակի:

"Ի՞նչ ընթացքում է գտնվում այդ գործը",-Ժուռնալիստների միությունում այսօր հրավիրած ասուլիսում բանաստեղծուհուց հետաքրքրվեց "Ա1+"-ի թղթակիցը: "Չգիտցվիր, գաղտնիք մըն է, որ միայն իրենք գիտեն",-ասաց Ալիսա Կիրակոսյանը:

ՆՐԱՆ ԳՈՎԱԲԱՆԵԼ Է ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԲՈՐԽԵՍԸ

"Ես չեմ պատկերացնում մի հայի, որ չգիտի Ալիսա Կիրակոսյանին",-այսօր Ժուռնալիստների միությունում հրավիրված ասուլիսին այսպես ներկայացրեց արգենտինահայ բանաստեղծուհուն միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը:

"Երիտասարդությունը չգիտե",-անմիջապես ասաց բանաստեղծուհին: "Երիտասարդությունը գիտի, որովհետեւ շատ գեղեցիկ է",-վստահեցրեց Աստղիկ Գեւորգյանը:

Բանաստեղծուհուն Հայաստան հրավիրած գրականագետ, Արվեստի միջազգային նորաստեղծ ակադեմիայի նախագահ Աբգար Ափինյանը տեղեկացրեց, որ Ալիսա Կիրակոսյանը Հայաստանում կգտնվի 1 ամսից ավելի ժամկետով, այնուհետեւ ավելացրեց. "Մենք վաղուց ուզում ենք Ալիսա Կիրակոսյանին": Լրագրողներին էր բաժանվել բանաստեղծուհու մասին համաշխարհային եւ տեղական հեղինակությունների արտահայտած կարծիքների մի հավաքածու, որտեղ կար նաեւ աշխարհահռչակ Խորխե Լուիս Բորխեսի արտահայտած հետեւյալ միտքը Ալիսայի պոեզիայի մասին. "Զգալի է, որ նա գրում է ճշմարտությունը": Բանաստեղծուհին տեղեկացրեց, որ բազմիցս հանդիպել է Բորխեսին: "Քանի մը անգամ իր տունը եղած եմ",-ասաց նա:

Ըստ նրա, Բորխեսը հայերի մասին "շատ լավ կարծիք ուներ, շատ լավ գիտեր մեր տառապանքը": Բանաստեղծուհու գրքերից մեկը նկարազարդել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոն, որը Ալիսային չի էլ տեսել: Շուտով "Հայաստանի մեջ" կտպվի Ալիսա Կիրակոսյանի 15 հատորյակը: Ի դեպ, նա ապրում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում եւ այն հարցին, թե այնտեղ հնարավո՞ր է գրականությամբ գլուխ պահել, բանաստեղծուհին ասաց. "Ոչ, ապրուստի համար պետք է այլ միջոցների դիմել": Ինքն անձամբ իր աշխատանքով "որոշ կալվածքներ դրած է": "Ատով ապրում եմ",-ասաց բանաստեղծուհին: