Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՍՏ ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ` ԱՄԵՆԱԴԱԼԻԱԿԱՆ ՄԱՐԴՆ ՕՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՆ Է

Մշակույթ

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Սեպտեմբերի վերջին Երեւանում բացվում է Օնիկ Սահակյանի ցուցահանդեսը: Օնիկ Սահակյանը երկար տարիներ եղել է Սալվադոր Դալիի ընկերը:

Հանճարեղ սյուրռեալիստը մի առիթով խոստովանել է. «Օնիկ, դու ամենադալիական անձն ես, որին ես ճանաչում եմ: Դու ամբողջովին խենթ ես, բայց լավ խենթ»:

Օնիկ Սահակյանը ծնվել է 1936 թ. Թեհրանում եւ հենց փոքր հասակից հայտնվել արվեստում: 1952 թ. մեկնել է Փարիզ: 1956 թ. տեղափոխվել է ԱՄՆ: Նա աշակերտել է ռուս նշանավոր պարուհիներ Օլգա Պրեոբրաժենսկայային եւ Տամարա Մաքսիմովային: Հմտանալով դասական բալետում` Օնիկ Սահակյանը խորամուխ է եղել հնդկական եւ պարսկական պարարվեստի գաղտնիքների մեջ:

1964-73 թթ. Օնիկը բեմ է բարձրացել ավելի քան 100 ներկայացումներում: Նյու Յորքում եղած տարիներին տեղի է ունեցել այն, ինչը կտրուկ փոխել է նրա կյանքի ուղին: Դիպվածով ծանոթացել է Սալվադոր Դալիի հետ, որը դեռեւս մինչեւ ծանոթությունը Օնիկի մասին ասել է. «Կարծում եմ, որ նա շատ տարօրինակ մարդ է»: Այդ ժամանակվանից Օնիկ Սահակյանը շուրջ 20 տարի եղավ Սալվադոր Դալլիի եւ Գալլայի ամենամտերիմ բարեկամը: Իսպանացին այնքան է «կախարդում» Օնիկին, որ վերջինս նույնպես սկսում է նկարել:

1970-2000 թվականներին Օնիկ Սահակյանը ունեցել է ավելի քան 50 ցուցահանդես աշխարհի բազմաթիվ ցուցասրահներում, այդ թվում` Գյոթեբուրգի համաշխարհային մշակույթի թանգարանում, Փարիզի «Grand Palais»-ում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Ռոկֆելերի արվեստի կենտրոնում եւ այլուր: Գեղանկարչությունը նրա միակ սերը չէր: Օնիկ Սահակյանը զբաղվել է նաեւ կիրառական արվեստով, ոսկերչությամբ, քանդակով, բեմանկարչությամբ եւ զգեստանկարչությամբ: Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահներից մեկի՝ Նիքսոնի կնոջ համար Օնիկը պատրաստել է մի ճոխ մանյակ: Արժանացել է Լիսաբոնի, Քեմբրիջի, Լոս Անջելեսի համալսարանների, Հոլանդիայի Արվեստի ակադեմիայի մրցանակներին: Այսօր Օնիկ Սահակյանն ապրում եւ ստեղծագործում է Պորտուգալիայում: Աշխատելով որպես արվեստի միջազգային խորհրդական` նրան հաջողվել է համոզել պորտուգալական կառավարությանը Լիսաբոնում հիմնադրել արվեստի կենտրոն:

Սեպտեմբերի վերջին Գեւորգյան ցուցասրահում բացվելիք ցուցահանդեսում ներկայացվելու են Օնիկ Սահակյանի վերջին շրջանի աշխատանքները:

Մ.ՎԱՐԴԱՆՅԱՆ