Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ ԲԱԶԵՅԱՆԸ, ՈՉ «ՈԳՈՒ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ» ԾԱԽՎԱԾ ՉԵՆ

Քաղաքականություն

«Ղալաթ են արել բոլոր նրանք, ովքեր ասում են, թե «Ոգու փորձությունը» Սերժ Սարգսյանինն է. ոչ ոք նման բան ասելու իրավունք չունի, «Ոգու փորձությունը» երկրապահների միություն է, նույն կռված տղերքն են, բոլորս միասին կռվել ենք պաշտպանել ենք մեր հայրենիքը, ուղղակի ՄանվելԳրիգորյանի հետ լեզու չենք գտել, դուրս ենք եկել ԵԿՄ-ից»,- «Ոգու փորձության» մասին տարածվող լուրերը «Ա1+»-ի խնդրանքով մեկնաբանեց ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձության» անդամ Հակոբ Հակոբյանը:

«Ոգու փորձությունը ընդհանրապես իշխանությունների հետ կապ չունի. առանձին մարդիկ կարող են իրենց նախասիրություններն ունենալ, կամ պաշտպանել մեկին ու մյուսին, ինչպես Սասուն Միքայելյանը դա արեց. նա ասաց իր կարծիքը, սակայն դա իզուր քաղաքականացվեց»,- ասում է Հակոբ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ եթե Սերժ Սարգսյանը դնի իր թեկնածությունն, ինքը կպաշտպանի նրան: «Վաղը Սերժը չլինի իշխանության` էդ տղերքը նորից կռվելու են, Հյաաստանի սահմաններն են պաշտպանելու»:

Հակոբ Հակոբյանը ցավում է, որ «Հանրապետություն» կուսակցությունը բաժանվեց երկու մասի, «որովհետեւ Բազեյանն էլ էր ինձ հարազատ, Արամ Սարգսյանն էլ: Ճիշտ կլիներ, որ իրենք կարողանային միասնական լեզու գտնել, որովհետեւ ես լավ գիտեմ, որ երկուսի նպատակն էլ մեկ է. այսօրվա իշխանություններին հեռացնելը: Ուղղակի չկարողացան իրար հասկանան, բայց ոչինչ. ամեն ընտանիքում էլ լինում է, որ երկու եղբայր իրար չեն հասկանում: Ես կասկած չունեմ, որ երկուսի նպատակն էլ նույնն է»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

Նա գտնում է, որ Ալբերտ Բազեյանը ճիշտ կանի, որ կուսակցություն բացի, որպեսզի ապացուցի, որ իր նպատակն էլ նույնն է: Իսկ ինչ վերաբերում է Բազեյանի հասցեին հնչող տարբեր գնահատականներին, թե նա ծախվել է իշխանություններին, Հակոբ Հակոբյանը ոչ միայն չի հավատում, այլեւ պնդում է, որ «Բազեյանի նման բարի, պարյադոչնի, նորմալ անձնավորություն շատ քիչ կա հանրապետությունում, ուղղակի շատ դժվար է նրան հասկանալը»: