Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՈՒՅՍՆ ԱՆՄԱՐ Է

Մշակույթ

Մուսալեռցիները չեն կորցնում իրենց հույսը՝ վերադառնալու պատմական հայրենիք: Այսօր «Ակադեմիա»պատկերասրահում բացվեց Մուսալեռան հերոսամարտի 90 -ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին մուսալեռցի ծագմամբ 11 արվեստագետների ստեղծագործությունները`պատմական թեմաներով:

Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության` արդեն երկրորդ տարին կազմակերպվող միջոցառումները մեկնարկել են երեկ` Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում Այնճարի «Լուսարձակ-40»թատերախմբի կողմից Լեւոն Շանթի «Ճամբուն վրա»թատերախաղի ներկայացմամբ:

Մուսալեռան հերոսամարտին նվիրված միջոցառումներ այս օրերին տեղի են ունենում աշխարհի տարբեր հայկական գաղթոջախներում՝ Ֆրեզնոյում, Լոս Անջելեսում` տեղի հայ համայնքների ֆինանսավորմամբ:

Երեւանում բացված ցուցահանդեսը հովանավորում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Մուսալեռ հայրենակցական միությունը:

«Այս ցուցահանդեսը մեկ միտք, մեկ նպատակ ունի՝ վերակերտել մեզ, որ լինենք հերոսամարտի արժանի զավակներ»,- ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը:

Այս տարի նախատեսվում է նաեւ պատրաստել նկարչական ալբոմ՝, որում կընդգրկվեն լուսանկարներ` սկսած մուսալեռցիների գաղթից:

Ծագումով մուսալեռցի, լիբանահայ Գաբրիել Փանոսյանը պատմում է, որ իր հայրը. «Մինչեւ հիմա մեր հողերու փաստաթղթերը պահած է, պետք է մի օր վերադառնանք»: Մուսալեռցիները հիմնականում գաղթել են Լիբանան:

Այսօր Լիբանանի Այնճար քաղաքում շուրջ 10.000 հայ է բնակվում: Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ, ատաղծագործությամբ, ոսկերչությամբ:

Ըստ մուսալեռցիների` այսօր վտանգված է իրենց բարբառը,քանի որ նոր սերունդը մոռանում է այդ: