Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՍՆԱԿԻ ԲՈՅԿՈՏ. ԿԱՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՄԱՍԱՄԲ

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները կամ կոալիցիան չեն կատարել միասնական ընդդիմության պահանջները՝ երկրում օրինականության հաստատման ուղղությամբ, ինչի պատճառով ընդդիմությունը հայտարարել էր տոտալ բոյկոտ; «Ազգային միաբանություն» խմբակցությունը որոշել է դադարեցնել բոյկոտը եւ այսօր արդեն ամբողջ կազմով ներկա էր նիստին:

««Ազգային միաբանությունը» հավատարիմ է մնալու իր որդեգրած քաղաքականությանը, մինչդեռ նպատակահարմար է գտել մարտավարության որոշակի փոփոխություններ անել: Արտահերթ նստաշրջանում, որտեղ քնարկվում էր սահմանադրական փոփոխությունների հարցը, մենք համոզվեցինք, որ ընդդիմության գործողությունները անելանելի վիճակի մեջ են գցում իշխող կոալիցիային, ավելին, մեկ անգամ եւս բացահայտում են իրենց քաղաքական սնանկությունը, մեկ անգամ եւս համոզում ու ապացուցում են ժողովրդին, որ ի դեմս խորհրդարանական ընդդիմության կա կուռ քաղաքական համախմբված ուժ, որը կառաջնորդի ժողովրդական ամենալայն զանգվածների շարժումը: Առաջիկայում միարժեքորեն ասելով «ոչ» սահմանադրական փոփոխություներին, մեկ անգամ եւս թե ժողովրդին, թե միջազգային կազմակերպություններին համոզիչ կերպով կապացուցի, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն, բացարձակապես չեն վայելում ժողովրդի վստահությունը: Նորագույն քաղաքագիտության մեջ նոնսենս կլինի, երբ 2 տարվա ընթացքում երկու անգամ անընդմեջ իշխանությունների կողմից ներկայացված սահմանադրությունը չարժանանա ժողովրդի վստահությանը»,-ասաց Արտաշես Գեղամյանը:

Իսկ «Արդարություն» խմբակցությունն այսօր նիստ էր հրավիրել, որի ընթացքում որոշել է մասնակի շարունակել բոյկոտը, միաժամանակ, նախագծերից ընտրել իրոք հասարակությանը հուզող կարեւորագույն նախագծերը եւ դրանց քննարկումներին մասնակցել, այսինքն, օգտագործել խորհրդարանի ամբիոնը: Որոշումը միաձայն է ընդունվել. կողմ է քվեարկել եւ Վազգեն Մանուկյանը, եւ Արշակ Սադոյանը: «Հանրապետության» պատգամավորները չեն մասնակցել նիստին:

«Եթե նախկինում 4 հարցի քննարկման ենք մասնակցել, ապա հիմա ավելի շատ հարցերի քննարկմանը կմասնակցենք»,- «Ա1+»-ին ասաց Վիկտոր Դալլաքյանը եւ հիշեցրեց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները, քանի որ վստահության հանրաքվեի վերաբերյալ իրենց հեղինակած օրինագիծը անօրինական կարգով դուրս է մղվել եռօրյա նիստերի օրակարգից: