Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականություն

Ճգնաժամերի կառավարման խմբի երկու ներկայացուցիչները այսօր «Կոնգրես» հյուրանոցում հանդիպեցին լրագրողներին՝ տեղեկացնելու, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ պատրաստել են առաջին զեկույցը: Զեկույցին ծանոթանալ առայժմ հնարավոր չէ, քանի որ այն կհրապարակվի չորեքշաբթի:

Խմբի ղեկավարի տեղակալ Ալեն Դելետրոզի գլխավոր ասելիքը միջազգային կառույցների բազմիցս կրկնած հորդորներն էին, թե հակամարտող կողմերը պետք է դադարեցնեն փոխադարձ թշնամանքի ու ատելության քարոզը, գնան փոխադարձ զիջումների եւ ամեն քայլ ձեռնարկեն կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար:

«Նախկինում երբեք կողմերը մոտ չեն եղել հակամարտության կարգավորմանը, քան հիմա: Եթե կա խնդիրը լուծելու ցանկություն, կողմերը պետք է ամեն ինչ անեն խաղաղ լուծման համար՝ ելնելով այն վիճակից, ինչ այսօր կա»,- հատուկ արտասանությամբ մի քանի անգամ շեշտեց ճգնաժամային խմբի փոխնախագահը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ առաջ հայտարարեց, թե երբեք խնդրի լուծման այսպիսի հնարավորություն այլեւս չի լինի, սակայն փոխզիջմանը ոչ պատրաստ ուժերը երկրում իրականացրեցին հեղափոխություն: Այս առումով մեր դիտարկմանը, թե՝ հակամարտության լուծմանը հնարավորինս մոտ եւ լուծմանն ամբողջովին պատրաստ ուժերը 1998թ. հեռացվեցին իշխանությունից. կարելի՞ է ենթադրել որ կոնֆլիկտի լուծման հերթական եզակի շանսը բաց թողնող ուժերը նույնպես կհեռացվեն իշխանությունից՝ ճգնաժամային խմբի ղեկավարը կարճ պատասխանեց. «Ես մի բան կարող եմ ասել. ղարաբաղյան խնդիրը պետք է հիմա կարգավորվի»:

Իսկ մամուլի ասուլիսի ընթացքում նա պարբերաբար լրագրողներին հիշեցրեց, որ իրենք ուսումնասիրում են շուրջ 44 կոնֆլիկտային գոտիներ, եւ իրենց հայտնի է կոնֆլիկտի կարգավորման երկու տարբերակ. առաջինը՝ ռազմական ճանապարհով, երկրորդը` փոխզիջումներով:

Ալեն Դելետրոզը նաեւ ասաց, որ իրենք արդեն ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպել են, եւ մեր հարեւանները ավելի զգացմունքային են եղել: Նա հայ լրագրողներին ասաց. «Եթե դուք ամեն օր քարոզեք, որ ադրբեջանցիները ձեր դարավոր թշնամիներն են, պարզ չէ՞, որ երբեք հասարակությունը պատրաստ չի լինի նրանց հետ նորմալ հարաբերությունների, համատեղ կյանքի, միմյանց տարածքով կոմունիկացիաների վերագործարկման»: Օրվա բանախոսը նաեւ հայտնեց, թե տեղյակ է, որ հաջորդ տարի Ադրբեջանը պատրաստվում է իր ռազմական բյուջեն հասցնել Հայաստանի պետական բյուջեին:

Հայ-ադրբեջանական համատեղ գործունեության մասին նա այլ հետաքրքիր դիտարկում արեց. «Այն, որ առանց միջազգային խաղաղապահ ուժերի, շփման գծում 10 տարուց ավելի խաղաղություն է պահպանվել, ապացույցն այն բանի, որ հայերն ու ադրբեջանցիները ի վիճակի են համատեղ որոշ բաներ անելուն»: