Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Քաղաքականություն

«Արդարություն» խմբակցության անդամ ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը վաղը մեկնելու է Մոսկվա, որտեղ կմասնակցի չճանաչված պետությունների կարգավիճակի խնդիրների նվիրված միջազգային կոնֆերանսին, որին մասնակցելու են ներկայացուցիչներ Մերձդնեստրովիայից, Աբխազիայից, Հարավային Օսիայից եւ Լեռնային Ղարաբաղից:

«Հետաքրքիր է, որ ԼՂՀ-ից հրավիրված են 10 հոգի, Հայաստանից միայն ես: Հավանաբար ավելի շատ ուշադրություն են դարձնում չճանաչված պետություների ներկայացուցիչներին»: Կոնֆերանսը կտեւի երկու օր: Ղարաբաղի պատվիրակությունը ղեկավարում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բաբուրյանը: Արամ Սարգսյանը երկուշաբթի կհրավիրի ասուլիս կոնֆերանսի արդյունքների վերաբերյալ:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ

Արամ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կազմակերպելու է ստորագրահավաք` Երեւանի կոնյակի գործարանի վաճառքի պայմանագրի կետերի կատարման ուղղությամբ. «Առաջարկում եմ ստեղծել ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ մասնավորեցման պայմանագրի կատարումը ստուգելու համար»:

Այս բովանդակությամբ նամակ է այսօր հղվել ԱԺ բոլոր խումբ-խմբակցություններին, որպեսզի վերջիններս որոշում կայացնեն ստորագրահավաքի վերաբերյալ: Իսկ Արամ Սարգսյանի մտահոգությունը պայմանավորված է կոնյակի բազային սպիրտի կեսի վաճառքով, ինչը նա անթույլատրելի է համարում. գոյություն ունեցող սպիրտի կեսը `1մլն 600 հազար դեկալիտրից 800 հազար է մնացել: Իսկ այդ սպիրտի շնորհիվ այսօր կոնյակի գործարանը գնահատվում է 770 մլն դոլար, մինչդեռ գործարանը վաճառվել էր ընդամենը 28 մլն դոլարով: