Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շա՜տ միջազգային բիզնես կենտրոն

Քաղաքականություն

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

Երեւանի կենտրոնի լավագույն հատվածներում գտնվող երեք շինություն, որոնցում առաջ նախարարություններ էին, կառավարության հանկարծակի որոշմամբ հանձնվեցին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչ է թե` այդ ֆիրման պետք է լրակառուցեր կառավարության երրորդ մասնաշենքը, ուր այսօր իրար գլխի են լցված տեղահանված նախարարությունների բազմաթիվ աշխատակիցներ:

Խոսքը Նալբանդյան-Թումանյան խաչմերուկում գտնվող առողջապահության նախարարության նախկին հսկա շենքի, Խորենացի-Զաքիյան խաչմերուկի` կրթության նախարարության նախկին շենքի եւ Սախարովի հրապարակի տարածքում գտնվող գյուղնախարարության նախկին շենքի մասին է: Դրանցից միայն Կ շենքում է, որ սեփականության փոփոխումից հետո շինարարներ են աշխատել: Շինարարները, սակայն, ընդամենը քանդել-ապամոնտաժել են շինությունը` թողնելով ճակատային պատը: Շուտով կլրանա կես տարին, ինչ քանդելուց հետո նախկին ԿՆ տարածքում ուրիշ որեւէ աշխատանք չի կատարվել: Միակ փոփոխությունն այն է, որ ավերակում հիմնավորվել է մի ընտանիք, բակը լցրել սովետական «Զապորոժեցների» ջարդոններով ու տնային տնտեսություն է ստեղծում: Տարածք մտնողներին ընտանիքի հայրը հարցնում է` աֆեսճյան հիմնադրամի՞ց եք: Իսկ ի՞նչ կապ ունի աֆեսճյանը Միջազգային բիզնես կենտրոնի շենքի հետ: Պարզվում է` շատ սերտ կապ. հիմնադրամի շինարարության գլխավոր վերահսկիչ եորգի Ջանյանը պատասխանում է. «Այո. շենքն արդեն մերն է, բայց ոչ թե հիմնադրամինն է, այլ` նույն աֆեսճյանին պատկանող «Կասկադ-կապիտալ հոլդինգինը»: Այդ ընկերությունը գտնվում է Հրաչյա Քոչար փողոցի սկզբնամասում, նոր կառուցված երկու շենքերից մեկն է, որոնցից մյուսը կարծեմ տոնավաճառ էր»: «Փաստորեն, այդ շե՞նքն էլ է աֆեսճյանինը» արձագանքին հիմնադրամի շինարարության վերահսկիչը թեթեւակի չորեց. «Ինչ եք խոսում, աֆեսճյանը Երեւանում շատ շենքեր ունի, պարզապես այդ մեկն էլ է իրենը»: Իսկ թե ինչու է շատ շենքեր ունեցողը ԿՆ նախկին շենքը քանդել-վերածել զապոների պարկի, եորգի Ջանյանը միայն կարողացավ հայտնել, որ նախագիծը քաղաքապետարանում մերժվել է, հիմա նոր հեղինակով նոր նախագիծ են պատվիրել, որն ավարտված չէ:

Իսկ ի՞նչ լուծումների շուրջ են եղել քաղաքապետարանի առարկությունները: Այստեղ բացվում են հայկական ռիելթի մագնատների հանելուկային կծիկների խորհրդավոր ու մութ անկյունները: Հիմնադրամի շինարարության վերահսկիչը այդ մանրամասներին չի տիրապետում, խորհուրդ է տալիս դիմել Ջերալդ աֆեսճյանի շատ շենքերից մեկում տեղակայված «Կասկադ-կապիտալ հոլդինգ»: Իսկ այնտեղից մի չներկայացող պաշտոնյա ֆանտաստիկ հայտարարություն արեց. «ԿՆ նախկին շենքի շինարարության հետ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես, երբ այն կառուցվի, մենք դրա վարձակալն ենք լինելու»: Իսկ ումի՞ց եք վարձակալելու. «Չգիտեմ»,- վարձով ապրողի ու տուն չունեցողի խեղճությամբ պատասխանեց պաշտոնյան: Միջազգային բիզնես կենտրոնում նույնպես չգիտեն, թե ով է նախկին նախարարության ներկա սեփականատերը: Ընկերության տնօրենի տեղակալ Լեւոն Հովսեփյանը հիշում է, որ շինարարության դիմաց իրենց փոխանցված երեք նախարարական շենքերից միայն մեկն է հիմա իրենցը մնացել` գյուղնախարարության շենքը, այն էլ` դեռ ոչինչ չի դարձել: Բա առողջապահության նախարարությա՞նը: «Ճիշտ է, դա էլ է մերը, բայց ուրիշ որոշմամբ, կառավարության երկու որոշում է եղել»: Իսկ ինչ է պատրաստվում ՄԲԿ-ն անել քաղաքի կենտրոնում գտնվող այդ հոյակերտ շինությունների հետ առաջիկա 5, 10 կամ 10-15 տարվա ընթացքում: «Մենք առաջիկա կես տարու՛մ չգիտենք, թե ինչ է լինելու, դուք 5-10 տարուց եք խոսում»,- զարմանում է ընկերության փոխտնօրենը: Լավ, գոնե ասեք, թե ում սեփականությանն եք հանձնել ԿՆ-ն. «Չգիտեմ, ես այն ժամանակ այստեղ չեմ աշխատել»:

Հ.Գ.- Միջազգային բիզնես կենտրոնին են անցել Հայաստանի նախարարությունների ազատված երեք շենքերը, Երեւանի քաղաքապետարանի նախկին շենքը, պոլիտեխնիկի նոր լրակառուցվող մասնաշենքը, խոշոր ձեռնարկություններ: Ազատված սոցնախի շենքում արդեն ակտիվ շինարարություն է ընթանում (սեփականատերը հայտնի չէ): Մենք մի քանի անգամ հիմնավոր կասկածներ ենք հայտնել, որ ՄԲԿ-ն Ռոբերտ Քոչարյանի սեփականությունն է, ուստի բիզնեսում որեւէ պրոբլեմ չունի, որեւէ շենքի, թեկուզ` գերատեսչության տիրանալը իրենց համար գրչի մեկ շարժում է: Եթե այդ ընկերության փոխտնօրենը տեղեկացված չէ, թե իրենից առաջ ինչ գործարքներ են կատարվել, ուրեմն ղարաբաղյան կլանի ֆինանսական մոնստրի ղեկավարներին խորհուրդ ենք տալիս այսուհետ ոչ մեկին աշխատանքից չազատել, քանի որ նրանք փոխտնօրեններից շատ բան գիտեն` պարզվում է:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ