Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

Քաղաքականություն

ՀՀ արտգործնախարարությունը պատրաստվում է լուրջ պայքար ծավալել տարածաշրջանում կառուցվող՝ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը միմյանց կապող «այլընտրանքային» երկաթգծի շինարարության դեմ:

Առաջին հերթին Հայաստանը պայքարելու է, որպեսզի օրինակ՝ Ադրբեջանին այլ պետությունների կողմից չհատկացվեն դրամական օգնություններ: «Եթե ԱՄՆ-ից նրանք ստանում են ենթադրենք 70 մլն. դոլար եւ երկաթգծի վրա ծախսում են 40 մլն., եթե չլիներ այդ օգնությունն, ապա նրանք հնարավոր է եւ չկարողանային հատկացնել այդ 40 միլիոնը»:

Խնդրի առնչությամբ Հայաստանը առաջարկություն է արել, որպեսզի օգտագործվի արդեն գոյություն ունեցող երկաթգիծը, որն անցնում է Հայաստանի տարածքով: Սակայն, սկբնական շրջանում Հայաստանը պատրաստ է չօգտվել երկաթգծից, մինչեւ չլուծվեն տարածաշրջանային բոլոր հակամարտություններն ու տարակարծությունները: Վարդան Օսկանյանը կարծում է, որ այդ առաջարկով Հայաստանը «գորգը քաշել» է հարեւան պետությունների ոտքի տակից: «Ի վերջո խնդիրները լուծվելու են, սահմանները բացվելու եւ երկորդ երկաթգիծը ավելորդ է լինելու: Թե որն է ավելորդ լինելու՝ ակնհայտ է. դեռեւս գոյություն չունեցողը»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:

ՄՇՈՒՇՈՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օգոստոսի 27-ին Կազանում կայանած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո մինչ այսօր ոչ մի տեղեկություն չի հատկացվում հանդիպման բովանդակության եւ արդյունքների մասին: Այսօրվա ասուլիսի հենց սկզբում Վարդան Օսկանյանը զգուշացրեց, որ արդեն մամուլում արված հայտարարություններին ոչ մի նոր բան չի ավելացնելու: «Այո, բեկում չի արձանագրվել այդ բանակցությունների ընթացքում, բայց դրական եմ գնահատում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը՝ համարելով, որ հանդիպումը դաշտ է բացել նախարարների հանդիպումները շարունակելու համար:

ԱԳՆ պատրաստած պաշտոնական տեղեկատվության մեջ կազանյան հանդիպումը ներկայացված է ավելի հակիրճ. «Հայաստանը դրական է գնահատում կազանյան հանդիպումը եւ գտնում, որ բանակցությունները ճիշտ հունով են գնում: Նախագահների հանձնարարությամբ կշարունակվեն ԱԳ նախարարների հանդիպումները՝ հիմնվելով Վարշավայում եւ Կազանում նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Հնարավոր է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելություն տարածաշրջան»: