Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՏԵՍՈՒՄ Է ՄԱԿ-ը

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը համառորեն խուսափում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելուց: Անցյալ տարի, երբ Նյու-Յորք Քոչարյանը չմեկնեց, այդ քայլը բացատրվեց նրանով, որ հոբելյանական՝ 60-րդ նիստաշրջանին նա կմասնակցի: Սակայն, այժմ պարզ է դառնում, որ այդ հոբելյանական նստաշրջանին մի քանի օրից մեկնող հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ վարչապետը: Ոչ մի արտառոց բան դրանում ՀՀ արտգործնախարարը չի տեսնում եւ որոշումը բացատրում է հետեւյալ կերպ. «Նպատակահարմար է գտնվել վարչապետի ներկայությունը, իսկ դա ցածր մակարդակ չէ»:

ՀՀ արտգործնախարարը Վարդան Օսկանյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի արդարդառնա արդեն կայացած հանդիպումներին եւ սպասվելիք իրադարձություններին: Ընդհանուր առմամբ` արտաքին գործերի առումով «բուռն» տարի է սպասվում: Հայաստանն, ինչպես միշտ այս ոլորտում աշխատելու է կոմպլեմենտարիզմի սկզբունքով՝ չանտեսելով ոչ մի արեւմտյան եւ արեւելյան կառույց: Այս տարի դեռ սպասվում են Լատվիայի եւ Ֆինլանդիայի նախագահների այցերը Հայաստան, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Օսկանյանին փոխանցմամբ մեկնելու է «Բրյուսել եւ մեկ այլ երկիր»:

ԵԽԽՎ ԽՈՍՔՆ ԱՐԺԵՔԸ ԿՈՐՑՐԵԼ Է

ՀՀ արտգործնախարարը լուրջ չի վերաբերվում հայաստանյան այցի ժամանակ ԵԽԽՎ նախագահ Վան դեր Լինենի արած այն հայտարարությանը, որ Սահմանադրական բարեփոխումները հանրաքվեով չընդունելու դեպքում ԵԽ-ն Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կկիրառի: Մասնավորապես, այդ սպառնալիքով նախատեսվում է դադարեցնել բոլոր կապերը եւ Հայաստանի,եւ Եվրախորհրդի հետ: «Չեմ կարծում, որ նման ծայրաստիճան քայլի որեւէ մեկը կգնա: Բոլորը հասկանում են, որ հանրաքվեն ժողովրդավարական քայլ է, որը պետք է թափանցիկ լինի, ուստի որեւէ մեկը պատժամիջոցի իրավունք չունի»,- սպառնալիքը մեկնաբանեց Վարդան Օսկանյանը:

ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ՕՍԿԱՆՅԱՆԻՆ

Մի քանի տարի առաջ, երբ «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը մարդ սպանեց, նա ոչ մի պատժի «չարժանացավ» եւ ավելին ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Այդ առումով որոշակի խտրականություն է ցուցաբերվել ՀՀ արտործնախարարի հանդեպ: Այն բանի համար, որ Վարդան Օսկանյանի որդին մի քանի օր առաջ ԱԳՆ ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել ՀՀ քաղաքացու, Ռոբերտ Քոչարյանը նախարարին «խիստ նկատողություն» է հայտնել: Այդ փաստը չի «նեղացրել» պարոն Օսկանյանին, որն իր որդու կատարած հանցանքի ողջ պատասխանատվություն վերցնում է իր վրա:

Ի դեպ, լուրերը հարուցված քրեական գործի եւ այն մասին, թե պատահարից հետո Օսկանյանը հրաժարական է ներկայացրել, իսկ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունել, չեն համապատասխանում իրականությանը: Քրեական գործ չի հարուցվել, քանի որ բողոք չի եղել տուժած կողմից, իսկ հրաժարական չի եղել, որովհետեւ միջադեպը պարզապես դժբախտ պատահար է, որի արդյունքում մահ չի արձանագրվել:

Վարդան Օսկանյանը նշեց, որ իր որդուց տուժած քաղաքացուն նույնիսկ վիրահատելու կարիք չի եղել: Տուժածի ոտքը պարզապես «գիպսի» մեջ է, իսկ Օսկանյանի որդին սրտացավորեն ամեն օր այցելում է վրաերթի ենթարկվածին:

Օսկանյանը նաեւ պատկերացնում է, թե ինչպես է պատասխանատվություն կրելու պատահարի համար. «Ես եմ թույլ տվել, որ նա վերցնի մեքենան: Էլ թույլ չեմ տա, կարգելեմ»: