Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱ՞Ք Է

Քաղաքականություն

Այսօր ԱԺ-ի դահլիճը սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ գրեթե դատարկ էր: Ու եթե ընդդիմադիր պատգամավորների ելույթները բավականին ուշադիր լսում էին ներկա պատգամավորները, ապա կոալիցիոն ելույթների ժամանակ առանց այն էլ դատարկ դահլիճը ամբողջությամբ դատարկվում էր:

Ընդդիմադիր պատգամավորները լուրջ մարտավարություն էին մշակել, եւ նրանցից յուրաքանչյուր տարբեր հարթությունների մեջ բացում էր ներկայացված նախագծի թերությունները: «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը իր եւ մեր ժողովրդի պատվից ցածր համարեց այն փաստը, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանը համեմատում է Իրաքի հետ, իսկ Իրաքին ԱՄՆ-ն պարտադրում է սահմանադրություն:

Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ոչ թե նախագիծը շատ լավն է, դրա համար են միջազգային կառույցները հավանություն տալիս, այլ որովհետեւ այլ սպասելիքներ չունեն: Ըստ նրա, դա ամոթ է մեզ համար, քանզի ունենք Շահամիր Շահամիրյանի հեղինակած սահմանադրությունը:

ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՒՄՏՅԱՆ ՁԵՒՈՎ

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը նկատելով, որ նախագծի մի կետը հակասում է մյուսին, հայտարարեց, որ տեղի է ունենում «պրիմիտիվ արեւմտյան խաբեություն»: Մանրամասն վերլուծությունից հետո ապացուցելու համար, որ սահմանադրությունը գրվում է հատուկ նախագահականի ցուցումով եւ Ռոբերտ Քոչարյանի համար, ասաց. «Լավ, ի՞նչ դժվար է, որ մի երեք բառ ավելացնեն, որ անկախ սահմանադրական փոփոխություններից մի անձը իրավունք չունի երեք անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու: Ինչու չի արվում այդ լրացումը: Հետո էլ ուզում եք, որ ժողովուրդը գա ու կողմ քվեարկի»:

Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը արդեն երկու օր է պայքարում է վարչապետի լիազորությունների ուժեղացման դեմ: Նա հիշեցրեց 1992 թվականին Կարեն Դեմիրճյանի` նոթատետրում գրած այն միտքը, թե որքան դժվար է գիտակցել, որ ընտրված ես ողջ ժողովրդի կողմից, սակայն նշանակված կուսակցության կետրոնական կոմիտեի կողմից: Այդպիսով, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ընտրված, առաջնային մանդատով նախագահն ավելի քիչ լիազորություն ունի, քան օլիգարխիկ հարաբերական մեծամասնության կողմից նշանակված վարչապետը:

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ Է ԼԻՆՈՒՄ

«Ազգային միաբանության» քարտուղար Ալեքսան Կարապետյանը հատկապես կարեւորեց այն փաստը, որ գերլիազորություններ են տրված ՍԴ-ին, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, հետեւաբար եւ համաձայնության, հնարավոր չէ սկսել նախագահի պաշտոնանկության գործընթաց. «Նշանակում է, որ առաջնային մանդատ ունեցող 131 պատգամավոր սխալ են, իսկ նախագահի նշանակված 9 դատավոր` ճիշտ»:

Նշելով եւս մի քանի փաստեր` Ալեքսան Կարապետյանը հայտարարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը վարձահատույց է լինում ՍԴ-ին, որը եւ 1998 թվականին եւ 2003 թվականին իրեն փրկել է: Ըստ նրա, ընդհանրապես ՍԴ-ն միշտ կամ դիտորդ է եղել, կամ ժողովրդին արդար պայքարից շեղելու գործիք հանդիսացել: Ալեքսան Կարապետյանի խոսքերով` այդ լիազորություններով ՍԴ-ն, որի անդամների պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 70 տարեկան, քանի որ «այս մարդիկ Քոչարյանին դեռ պետք են ապագա խախտումների համար», կվերածվի կոռումպացված, հակաժողովրդական կառույցի:

Ինչ վերաբերում է նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ կետին, համաձայն որի եւ իր պաշտոնավարման ժամանակ, եւ դրանից հետո նախագահը չի կարող հետապնդվել այն գործունեության համար, որը բխում է իր կարգավիճակից, ապա սսա, պարոն Կարապետյանի կարծիքով, կոալիցիոն երաշխիք է անձամբ Քոչարյանին, կամ « երեւանյան բարբառով ասած՝ գժի թուղթ»:

ԱՅՍ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅՐԵՆԻՔ ԿԿՈՐՑՆԵՆՔ

Արամ Գասպարի Սարգսյանը անդրադարձավ սեփականության իրավունքով հողի վաճառքի թույլատրելիության մասին դրույթին, համաձայն որի «վաղը կարող է մեր հայրենիքը սեփականության իրավունքով անցնել թշնամու ձեռքը»: Արամ Սարգսյանը խոսեց նաեւ տեխնիկական այնպիսի վրիպակների մասին, ինչպիսիք են օրինակ` «Սահմանադրությունը հանրաքվեով ընդունում է հայ ժողովուրդը»:

«Հայ ժողովրդի մի զգալի մասը սփյուռքում է եւ նա չի կարող հանրաքվեին մասնակցել, իսկ հետո, ուր մնացին ՀՀ այլազգի քաղաքացիները»,- ասաց նա:

ԿՈՉ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Մանուկ Գասպարյանը կոչ արեց Ռոբերտ Քոչարյանին հրավիրել ընդդիմության այն լիդերներին, որոնք իրենց ետեւից ունեն մեծ ընտրազանգված, այսինքն Արտաշես Գեղամյանին ու Ստեփան Դեմիրճյանին, եւ նրանց հետ կոմպրոմիսներ գտնել, որպեսզի այդ ուժերն էլ կոչ անեն իրենց ընտրողներին՝ կողմ քվեարկել:

«Միայն Գեղամյանի ետեւից ավելի շատ մարդ կգնա, քան երեք կոալիցիոն կուսակցությունների՝ միասին վերցրած, -հայտարարեց Մանուկ Գասպարյանը: Իսկ կոալիցիոն պատգամավորները բնականաբար գովերգում էին նախագիծը, երբեմն-երբեմն նաեւ «թյուրիմացաբար» ընդունելով, որ երկրում կա ճգնաժամ, որի հաղթահարման համար անհրաժեշտ է ընդունել Սահմանադրությունը:

Իսկ ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանն ուղղակի հայտարարեց, որ եթե ոչ ենք ասում այս Սահմանադրությանը, դա նշանակում է` այո 1995 թվականին ընդունված մի սահմանադրության, որն ընդունվել է հիմնական ընդդիմադիր ուժի Դաշնակցության գործունեության կասեցվածության պայմաններում:

Ի դեպ, եթե դաշնակցությունը դժգոհում էր գործող Սահմանադրությունից, իսկ ՕԵԿ պատգամավորները չգիտես ինչու շնորհակալություն էին հայտնում Արթուր Բաղդասարյանին, ապա ՀՀԿ պատգամավորները իրենց ելույթները սկսում էին 10 տարի առաջ Սահմանադրության ընդունած ուժերին շնորհակալություն հայտնելով: Հերմինե Նաղդալյանն էլ ուղղակի հայտարարեց, որ չի կարելի ջնջել հինը եւ նորը գրել, պետք է կատարելագործել գործող Սահմանադրությունը: