Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ

Քաղաքականություն

Թեեւ ԱԺ նիստն այսօր չավարտվեց եւ դեռ վաղն ու հավանական է մյուս օրը կշարունակվի, բայց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքյոն եւ նրա ղեկավարած պատվիրակությունը Հայաստան չեն ժամանի, իսկ նրանց ուղերձն այսօր արդեն իսկ ընթերցեց Հայաստանում ԵԽ հատուկ ներակայացուցիչ Բոյանա Ուռոմովան:

Նա, ի դեպ, զեկույցից անմիջապես հետո հեռացավ դահլիճից՝ չլսելով պատգամավորների ելույթները, իսկ գրանցված պատգամավորների առաջին հնգյակը` բացառությամբ ՀՀԿ անդամ Արարատ Մալխասյանի. հենց ընդդիմադիրներն էին:

Բուքիքյոյի ուղերձում նշված էր, որ թեեւ սահմանադրական փոփոխությունների տարբերակը կատարյալ չէ, բայց վատն էլ չէ, որպեսզի ոչ ասեն: Ըստ նրա` նախագիծը արժանացել է հանձնաժողովի հանավանությանը: Գուցե կան մարդիկ, որ կցանկանային տեսնել այլ Հայաստան` ավելի ժողովրդավարական, բայց սահմանադրությունը բարելավվում է գործողության մեջ, եւ նախ պետք է ընդունել այս փոփոխությունների նախագիծը եւ կյանքի կոչել այն: Ջաննի Բուքիքյոն շնորհակալություն էր հայտնում Տիգրան Թորոսյանին ու կոչ անում ընդդիմությանը շարունակել կառուցողական ոգով աշխատանքը:

«ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԿԱՄ ԳԵՂԱՄՅԱՆԸ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ԾԱՌԱ

Կարծես այս ելույթ-հորդորին հակառակ~ իրենց ելույթները միայն քննադատության ու իշխանություններին մերկացնելու ոգով էին պատրաստել «Ազգային միաբանության» պատգամավորները. Աղասի Արշակյանը հայտարարեց, որ մեր գործող, 10 տարեկան Սահմանադրությունը առնվազն 6 անգամ բռնաբարվել է միջազգային հանրության համակ լռության ներքո, ապա զգուշացրեց, որ միեւնույնն է, չի կարող սահմանադրույթյան փոփոխությունների նախագիծը հանրաքվեով անցնել, որովհետեւ հնարավոր չի համաձայնության ձեռքբերում «զոհի ու դահճի, ասպատակվածի ու ավարառուի միջեւ, որովհետեւ ժողովուրդը հիվանդ լինելով չի ուզում դեղ ընդունել այն բժշկից, որն իրեն խաբել է, որովհետեւ կարող են թույն խառնել դեղի հետ»:

Արշակյանը հայտարարեց, որ չկա այն վստահության մթնոլորտը, որտեղ 1մլն 200 հազար մարդ գնա հանրաքվեի, եւ նրանց 2/3-ը «այո» ասի: «Այդ մարդիկ այսօր զբաղված են օրհասական խնդիրներ լուծելով եւ անիծելով նրանց, ովքեր այդ խնդիրներն առաջացրել են»:

Իսկ Արտաշես Գեղամյանը հիշեց Քոչարյանի թիկնապահին, որը սպանության համար մեկ օր անգամ չազատազրկվեց, ապա սափրագլուխներին, հետո «ՏԷՑ- ի կրուգ»-ի դեպքերը, որի մեղավորները դատապարտվեցին «1,5 ամսվա հանգստի», հիշեց Սյունիքի դեպքերը, որոնց մեղավորները 1.5 տարի նստեցին, այն էլ որովհետեւ. «Նախագահի ու Սերժի պեռվի կռուգ մոտիկներից չէին, մի քիչ հեռու էին: Լավ, Սյունիքը հեռու է, կարգուկանոն չեք կարողանում հաստատել, Ղարաբաղի սպեցնազը բերեք, հազիվ ապրիլի 12-ին բերեցիք Երեւան մեզ ծեծեցին-ջարդեցին, մեր վրա մարզվեցին, տարեք թող իրենց քթի տակ կարգուկանոն հաստատեն: Ու այս պարագայում անամոթաբար խոսում են բարեփոխումներից, երկիր ենք կորցնում, իսկ այստեղ «այո», «ոչ» է քննարկվում»:

Արտաշես Գեղամյանն իր ելույթում դիմեց Լեւոն Տեր Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով մեկին իր բարեկամների, մյուսին՝ յուրայինների «գյամերը» քաշել ու Գեղամյանից ձեռք քաշել:

«Տեր -Պետրոսյանի շրջապատը ԱՄՆ-ում հայտարարում է, թե ես Ռուսաստանի գործակալն եմ, Սերժ Սարգսյանի մարդիկ Ռուսաստանում հայտարարում են, թե ԱՄՆ-ի գործակալն եմ. ես իմ ժողովրդի ծառան եմ»,-հայտարարեց Գեղամյանը;

Պատգամավորների ելույթները կշարունակվեն վաղը, ժամը 10-ից: