Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՐԵՎՈՐԸ ՆՎԵՐԸ ՉԷ, ԱՅԼ ԳՈՒՄԱՐԸ

Քաղաքականություն

«Մեկ տարվա ընթացքում Գերմանիայում որեւէ պաշտոնյայի կամ լրագրողի չի կարելի 30 եվրոյից ավելի արժողությամբ նվեր անել»,- ասում է քաղաքական PR-ի փորձագետ Ռոլֆ Շտելտեմեյտերը: Եթե նվերի գումարը գերազանցում է սահմանված չափը, ապա նվիրատուն անպայման խնդիրներ է ունենում հարկային մարմինների հետ: Ի դեպ, այս դեպքում նշանակություն չունի նվերի տեսակը. նույնիսկ ծաղկեփնջերը ներառվում են այս գումարի մեջ:

Գերմանիայի ԱԳ նախկին նախարարի բյուրոյի նախկին ղեկավար, Բունդեսթագում Ազատական դեմոկրատական կուսակցության խմբակցության նախկին խոսնակ Ռոլֆ Շտելտեմեյտերը երեք օր Ծաղկաձորում Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչներին ներկայացնում էր ընտրարշավների անցկացման, լրագրողների հետ աշխատանքի իր փորձը: «ԶԼՄ-ների հետ համագործակցության գործիքները» միջազգային սեմինարը կազմակերպել էր Ֆրիդրիխ Նաումանի անվան գերմանական հիմնադրամը:

Մասնակիցներն հատկապես ակտիվացան, երբ պարոն Շտելտեմեյտերը պատմեց, ինչպես են իրենք նվազագույնը շաբաթական երկու անգամ նախաճաշեր կազմակերպում լրագրողների համար: «Այդպես չի կարելի, համարյա կաշառք է»,- տեղից նշեցին ոմանք: Վրաստանի PR-մասնագետները նկատեցին, որ իրենց մոտ անգամ մեկ գրիչ ընդունելն է արգելվում: Հայաստանում օրենքով լրագրողների համար նման սահմանափակումներ չկան, բայց նույնպես ընդունելի չէ` գոնե տեսականորեն:

Գերմանացի փորձագետը անդրադարձավ Անդրկովկասի քաղաքական գործիչների իմիջային վարքագծին: «Կովկասյան մի քանի քաղաքական գործիչներ կան, որոնց չէի ցանկանա հանդիպել մութն ընկնելուց հետո», -ասաց նա` ակնարկելով վերջիններիս ժպտադեմ եւ բարյացակամ չլինելը:

Ռոլֆ Շտելտեմեյտերը իր անցկացրած ընտրարշավներից հիշեց մի դրվագ, երբ իր կուսակցության` FDP-ի ղեկավարները բենզալցակայանում սպասարկել են սովորական քաղաքաքացիներին: «Մեր նախագահն էլ` Սահակաշվիլին էլ կաներ. նա շատ հասարակ մարդ է»,- տեղից ասաց վրացուհի Ինգան, որն, իդեպ, ընդդիմադիր կուսակցության անդամ է:

Հայաստանի ներկայացուցիչները այս դեպքում որեւէ ակնարկ չարեցին: