Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Քաղաքականություն

Ազգային Ժողովի երկու մուտքերի մոտ այսօր հավաքված մարդիկ առանձին-առանձին օրենսդիր իշխանությանը զգուշացնում էին, որ պատրաստ են մոտ ապագայում դիմել կոշտ քայլերի: Բողոքի երկու ակցիայի կազմակերպման նպատակն էլ սահմանադրական փոփոխություններն էին:

ԱԺ գլխավոր մուտքի մոտ՝ Բաղրամյան պողոտայում, հավաքվել էր «իրացման գոտիների» անտուն մնացած քաղաքացիները, որոնք պաստառներով եւ կոչերով դեմ էին արտահայտվում սահմանադրական փոփոխությունների ընդունմանը:

«Ինչքան էլ կատարյալ Սահմանադրություն լինի, քանի որ այս իշխանությունները կան, միեւնույնն է` խախտվելու է»,- ասում էին առաջին ցույցի մասնակիցները եւ զգուշացնում, որ 10 օրից հայտարարություն են տարածելու, ինչից հետո ավելի ագրեսիվ են պաշտպանելու իրենց իրավունքները: Իսկ թե ինչ է նշանակում «ագրեսիվ ձեւ» ցուցարաները բացատրում են. «Ագրեսիվն այն է, որ կներեք, կարող է մտնենք ջարդենք այդ չինովնիկներին, թող մեզ տանեն, ինչ ուզում են անեն»:

Ի դեպ, երբ Բաղրամյան պողոտայում հնչում էր վերոհիշյալ զգուշացումը, ԱԺ մյուս մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, ծածանվում էին նարնջագույն դրոշակներ, որոնց վրա կապույտ եւ կարմիր գծերով պատկերված էր խաչ: «Ամենահայկական գույնն է նարնջագույնը: Ըստ մեզ, համենանդեպս, նարնջագույն է օրիանկ՝ ծիրանը: Այնպես որ գույնի ընտրությունը պատահական չէ: Սիմվոլ ունի նաեւ խաչը , որը Հայաստանի եւ ՀՀ բնակչության պայրքարն է եղել»,- «Մենք» երիտասարդ համախոհների խմբի ընտրած խորհրդանիշները բացարտեց կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Արշալույս Գալստյանը:

1,5 ամիս առաջ ստեղծված կազմակերպության անդամները, որոնք բացառապես երիտասարդներ են ու ԲՈՒՀ-երի ուսանողներ, նախապես նշում են, որ քաղաքական խնդիրներ չեն հետապնդում ու նաեւ նախընտրած նարնջագույն գույնն էլ ոչ մի կապ չունի հեղափոխության հետ:

Երիտասարդներն այսօր եկել էին ԱԺ շենքի մոտ, որպեսզի պատգամավորներին փոխանցեն 4 կետից բաղկացած իրենց պահանջները: Երիտասարդները պահանջում են, որպեսզի խորհրդարանն ընդունի ազգանպաստ Սահմանադրություն, Սահմանադրության բոլոր դրույթներին իրազեկ պահել հասարակության լայն խավերին, վեր կանգնել կուսակցության եւ նեղ անձնական նկրտումներից եւ հնարավորինս հեռու մնալ արտասահմանյան կասկածելի կազմակերպությունների ճնշումներից:

Այս պահանջները երիտասարդները ծրարով փոխանցեցին ԱԺ, իսկ դրսում հայտարարեցին. «Եթե մեր պահանջները հաշվի չառնվեն, եթե պետական պաշտոնյաները պարզապես չընդունեն, մենք կդիմենք ավելի կոշտ քայլերի: Դրանք կլինեն բողոքի ցույցեր կոնկրետ կազմակերպությունների, կոնկրետ անձանց գրասենյակների, կոնկրետ մարդկանց դեմ»: