Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏՈՒՄ

Քաղաքականություն

Այսօր առավոտյան ժամը 10-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին ներկայացել էր 110 պատգամավոր, որոնցից օրակարգին կողմ քվեարկեց 96 պատգամավոր, իսկ դեմ, ձեռնպահ չկար: Ընդդիմությունն ամբողջ կազմով, բացառությամբ «Հանրապետություն» կուսակցության պատգամավորների եւ Վազգեն Մանուկյանի, որը հանրապետությունում չի, մասնակցում էր նիստին:

Նիստի սկզբից, մինչեւ օրակարգի հաստատումը, «Արդարության» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ խախտված են գործող Սահմանադրության 11-րդ եւ ԱԺ կանոնակարգ-օրենքի 74-րդ հոդվածները, որոնց համաձայն ԱԺ-ը կարող է քննարկել կա'մ նոր Սահմանադրություն, կա'մ սահմանադրական փոփոխություններ:

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ Նախագահի ստորագրած հրամանագրում գրված է «ՀՀ սահմանադրություն (փոփոխություններով). սա հարուցել էր Վիկտոր Դալլաքյանի մտավախությունը, քանզի նման ձեւակերպումը Ռոբերտ Քոչարյանին կարող է տալ երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն: Բացի այդ պատգամավորներին բաժանված սահմանադրական փոփխությունների նախագիծը ստորագրված չէր որեւէ մեկի կողմից: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ի պատասխան նշեց, որ ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը:

Վիկտոր Դալլաքյանը հակադարձեց, որ. «Ակնհայտ է ձեզ համար, մեկ ուրիշի համար այլ բան է ակնհայտ, ձեւակերպումը տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս: Հստակ պետք է աշխատենք, որ այդպիսի մեկնաբանություններ չլինեն»: «Արդարություն» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց, իսկ այդ ընթացքում Վիկտոր Դալլաքյանը Արթուր Բաղդասարյանին պետք է բացատրեր բարձրացված հարցի կարեւորությունը, իսկ ԱԺ նախագահը հետագա անելիքը պետք է ճշտեր նախագահական նստավայրի հետ` ըստ Վիկտոր Դալլաքյանի:

Ընդմիջումից հետո Արթուր Բաղդասրյանը հայատարարեց, որ քննարկման է դրվում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հիմնական զեկուցողը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն է: Քննարկումը եթեր է հեռարձակվում հանրային հեռուստատեսությամբ: