Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՄ ՁԵՌՔԵՐՈՎ ԵՆ ԹԱԼԱՆՈՒՄ...»

Քաղաքականություն

«Իմ ձեռքերով թալանում են ժողովրդին, - ամբողջ ճանապարհին վրդովված խոսում էր երթուղային տաքսու վարորդը, -եւ սա թալանի շարունակությունն է, որ իմ միջոցով են անում, սա է ինձ համար ամենաահավորը: Ուղեւորները ներվայնանում, մեզ վրա են գոռգոռում, թե ինչ իրավունք ունես, մի գիշերվա մեջ 30 տոկոսով վարձ բարձրացնես: Ասում եմ, այ եղբայր, ես ո՞վ եմ, որ վարձ բարձրացնեմ: Ամեն ինչ էլի մեր գլխին է ջարդվում, էդ 30 դրամը էլի իրենց գրպանն է գնալու, իմ սալյարկան էլի ես եմ լցնելու, էս մեքենայի նորոգումն էլի ես եմ անելու: Հիմա ես ձեզ ասում եմ, տեսեք մի ամսից էլ 150 դրամ են դարձնելու: Մեզ ոչ մանրով են ապահովել, ոչ մի բան, ամեն րոպե վազի խանութ, ուղեւորի մուննաթները լսի: Էդ ավտոբուսները, որ բերել են, վրան պլան են դրել, օրական 30-35 հազար, հիմա քաղաքապետարանի ախորժակը լավացել է, ասում են, քիչ ա, 40 հազար բերեք: Չեն էլ ամաչում, ասում են թե վառելիքը թանկացել ա, ոչինչ էլ չի թանկացել, բայց սենց որ վճարը թանկանա, մի ամիս հետո վառելիքն էլ կթանկանա, յուղն էլ...»,- այսպես բարձրաձայն նեղսրտում էր երթուղայինի վարորդը, միաժամանակ հաշվելով ուղեւորների մանրը, պատասխանելով նրանց ռեպլիկներին ու ամեն անգամ ներվայնանալով այնպես, որ ուղեւորներն էին ստիպված նրան հանգստացնում՝ անփորձանք տեղ հասնելու համար:

Ուղեւորներից մեկը համոզված պնդում էր, որ «հեսա կտեսնեք, մի ամսից կդարձնեն 150, իսկ եթե ժողովուրդը դա էլ կուլ տա՝ 200 դրամ»:

«Էս ժողովրդին տեղն ա,- ասում էր մի երիտասարդ, -գլխին ինչ ասես ջարդում են, համաձայնվում ա: Հլը Ռուսաստանում սենց բան անեին, թոշակառուները դուրս գային փողոց, տես ոնց էին հետ խաղալու իշխանությունները»:

«Իմ աշխատավարձը ոչ մեկը չի բարձրացրել, բայց ինձ հիմա քաղաքապետը ստիպում ա 30 տոկոսով ավել տրանսպորտի վրա ծախսեմ: 5 տոկոս չի, 10 չի, միանգամից 30: Ինչ անեմ, թող ինձ ուրիշ բան առաջարկի, ինձ որեւէ այլ տրանսպորտ չի տանում իմ աշխատավայր: Ոչ ավտոբուս, ոչ էլ տրոլեյբուս:»

Ուղեւորների անեծքներն ու «ոչ նորմատիվային» արտահայտությունները քաղաքապետ Երվանդ Զախարյանի ու քաղաքապետարանի հասցեին հասկանալի պատճառներով պարզապես չենք մեջբերում: