Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԵՆ ԱՆՏԵՍՎՈՒՄ

Մշակույթ

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Մայրաքաղաքի հնագույն վայրերից մեկը` Երեւանյան լճի ձախ ափին 30մ բարձրության վրա գտնվող եւ 6հա տարածք զբաղեցնող «Շենգավիթ» հնագիտական բնակատեղին, վեց հազար տարվա պատմություն ունի:

Առաջին պեղումներն այստեղ կատարել է պրոֆ. Ե. Բայբուրդյանը: Ավելի ուշ, 1950-ականներին, Սանդրո Սարդարյանն է մեծածավալ պեղումներ կատարել, որոնց հիման վրա էլ 1960-ական թվականներին հիմնադրվել է «Շենգավիթ» թանգարանը: Վերջին անգամ 2000թ. Շենգավիթ համայնքում պեղումներ է կատարել հնագետ Հակոբ Սիմոնյանը: Նրա հայտնաբերած արժեքավոր շատ իրեր հանձնվել են Հայաստանի պատմության թանգարանին: «Շենգավիթ» թանգարանի վարիչ Ալվինա Հարությունյանի հավաստմամբ` տարբեր տարիներին կատարված պեղումներից հայտնաբերվել են հնագիտական արժեք ներկայացնող բազմաթիվ նյութեր (խեցեղեն, ոսկյա եւ արծաթյա իրեր եւ այլն), որոնց մեծ մասը պահվում են Հայաստանի եւ արտերկրի տարբեր թանգարաններում:

Խարխուլ տնակում տեղավորված թանգարանը (տանիքը պարբերաբար կաթում է) այսօր զուրկ է անգամ կենցաղային տարրական պայմաններից: «Շենգավիթ»-ն ունի երեք աշխատակից եւ չորս պահակ, ովքեր, պարսպի բացակայության պատճառով, չեն կարողանում կանխել չորքոտանիների մուտքը արգելոց-թանգարանի տարածք: «Շենգավիթ»-ի տարածքն ամբողջությամբ պեղված չէ, եւ հնագիտական արժեք ներկայացնող բազմաթիվ նյութեր այսօր կորստյան վտանգի առջեւ են:

Երկու տարի առաջ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրում ներառված էին նաեւ «Էրեբունի», «Կարմիր-Բլուր» եւ «Շենգավիթ» թանգարանները: Նախատեսված էր երեք թանգարանների համար էլ նոր շենքեր կառուցել: Սակայն հետագայում այդ երեքն էլ դուրս մնացին «Մշակույթ» ծրագրից:

«Էրեբունի» թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանը չկարողացավ ստույգ պատասխանել, թե ինչու «Էրեբունին» եւ իր մասնաճյուղերը դուրս մնացին ծրագրից: Միայն ասաց, որ 200 հազար ԱՄՆ դոլար նախատեսված էր «Էրեբունի» թանգարանի համար, իսկ 100 հազարական ԱՄՆ դոլար էլ`«Շենգավիթ»-ի եւ «Կարմիր բլուր»-ի: Նա վերստին հավաստեց, որ «Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր» թանգարաններն աղետալի վիճակում են, շտապ վերանորոգում են պահանջում եւ այլն:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն էլ հավաստեց. «Նախագիծը կար, նախահաշիվները կազմել էինք, հանձնել «Մշակույթ» ԾԻԳ-ին»: Իսկ թե ինչու թանգարանները դուրս մնացին, նա չկարողացավ բացատրություն տալ: «Մշակույթ» ԾԻԳ-ից էլ հայտնեցին, որ ԾԻԳ-ը միայն շինարարական աշխատանքների պատվիրատուն է, նա չի կազմում վերանորոգման կարիք ունեցող մշակութային օբյեկտների ցուցակը:

ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանի հավաստմամբ` նախարարությունը Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ին է ներկայացրել վերանորոգման կարիք ունեցող բոլոր մշակութային օբյեկտների ցանկը: Եվ քանի որ ֆինանսավորողը Լինսի հիմնադրամն է, իրենք էլ սեփական հայեցողությամբ ընտրել են եւ վերանորոգել այն օբյեկտները, որոնք համարել են առավել առաջնահերթ: Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ