Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵ՞Լ ԵՆ ՄԱՀԱՓՈՐՁԻՆ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Բուշի դեմ մահափորձի մեջ կասկածվող Վրաստանի քաղաքացի Վլադիմիր Հարությունովի հայտնաբերումն ու ձերբակալությունը նախապես մշակվել է այդ երկրի անվտանգության ծառայությունների կողմից որպես մի բացառիկ շոու:

Հարությունովին ժամանակի ընթացքում սովորեցրել են լինել մեղավոր: Բայց որպեսզի նրա հանցագործ լինելը դառնա անշրջելի, ինչ-որ մեկը պետք է սպանվի, արդյունքում սպանվեց Վրաստանի անվտանգության ծառայության աշխատակից Զուրաբ Կվլիվիձեն` իբր Հարությունովին չեզոքացնելու միջոցառումների ժամանակ: Արյունն անհրաժեշտ է, որպեսզի աշխարհը մտածի, որ Հարությունովն ի վիճակի էր, կամ, համենայնդեպս, ցանկություն ուներ սպանելու Ջորջ Բուշին:

Հարությունովը հիվանդանոցի ճանապարհին պառկած վիճակում միջնամատով հայհոյում է հեռուստաօպերատորին: Նա լավ գիտե, որ այդ կադրերը, իր լուսանկարը տարածելու են ամբողջ աշխարհով: Իրականում նա հայհոյում է աշխարհին: Հարությունովին բնականաբար նախապատրաստել են էքսցենտրիկության, պարզ երեւում է, որ այդ տղան կամ խելագար է, կամ չգիտի իր գլխի գալիքը որպես հնարավոր ահաբեկիչ եւ փաստացի մարդասպան, կամ էլ լավ է յուրացրել իր դերը: Պետք է կարծել, որ Հարությունովը դերասան է: Նա նույնիսկ էքսցենտրիկ չէ, ավելի շուտ պատրաստված է իր մեղքին եւ, բացառված չէ, որ ավելի ծանր մի մեղք կա նրա ուսերին, որը Վրաստանի անվտանգության ծառայությունները խոստացել են չեզոքացնել այսպիսի «անմեղ» մի հանցագործություն «վիզ առնելով»: Սա եւ հայկական, եւ վրացական տարբերակ է: Մնում է, որ սրանից գլուխ հանեն ամերիկյան Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները: Նրանք, հնարավոր է, ամբողջ սրտով համոզված են, որ նռնակ նետողը Հարությունովն է, կամ եթե նույնիսկ նա է նռնակը նետել, համոզված են, որ իսկապես ցանկացել է սպանել Ջորջ Բուշին, որն առանց այն էլ Թբիլիսիի Անկախության հրապարակում պաշտպանված էր զրահապատ ապակիով:

Վերջին հաշվով, Հարությունովը գործով կարող էր անցնել որպես խելագար, բայց նրա ձերբակալությունն ուղեկցվել է սպանությամբ: Սա ամենաէականն է այս գործում: Այս սպանությունն անհրաժեշտ է վրացիներին, որպեսզի նրանք ամերիկացիներին համոզեն, որ Հարությունովն ընդունակ էր նռնակ նետել գերտերության նախագահի ուղղությամբ: Տեղյա՞կ էր նրա մայրն այս ամենին: Բնականաբար՝ ոչ: Մայրը՝ Անժելա Հարությունովն, ասում է, որ արբանյակով արված լուսանկարում պատկերված տղան իր որդին չէ: Ռուսական անվտանգության ծառայության աշխատակիցն ասում է, որ արբանյակից նման որակի լուսանկար անել հնարավոր չէ: Սա, իհարկե, վիճելի է: Այլապես ինչպե՞ս կարելի է դառնալ գերտերություն առանց մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր մարդուն հետեւելու: Նման լուսանկար անել հնարավոր է: Բայց ինչու՞ չկա լուսանկար նռնակը նետելու պահին: Ինչու՞ թաշկինակը, որի մեջ փաթաթվել է նռնակը, չի գրավել այն աղջկա ուշադրությունը, որին նետելու պահին դիպչել է նռնակը: Ինչու՞ ՀԴԲ-ի տղաները չեն գտնում այն աղջկան, ում գլխին դիպչելով` նռնակը կորցրել է թափը եւ չի պայթել: Նռնակն, ի դեպ, պայթում է ոչ թե գետնին դիպչելուց, այլ՝ օդի հետ շփումից, եթե, իհարկե, այն մարտական է եւ ոչ թե խաղալիք: Սրանք, իրականում ամենաանմեղ հարցերն են, որոնց պատասխանները վաղ թե ուշ կարելի է տալ: Խնդիրն այն է, որ Վրաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ինչ ճանապարհ է անցնում ժողովրդավարությունը, եւ թե ինչքան փշոտ է այդ ճանապարհը: Հենց այս կոնտեքստում է հետաքրքիր, որ մահափորձի մեջ մեղադրվում է ազգությամբ հայը, որի Հայրենիքում՝ Հայաստանում, ժողովրդավարությունը ոչ մի կերպ չի կարողանում հաղթել, որի դեմ աջ ու ձախ ահաբեկչություններ են իրականացնում իշխանությունները: Ի դեպ, այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիր է նաեւ այն, որ մինչեւ հիմա Հարությունովին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել վրացի սպայի սպանության փաստով, բայց արդեն համարյա դատարան է մտել Բուշի դեմ մահափորձի մեղադրանքով քրեական գործը:

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ