Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

Գինու հինն է լավ

Աստվածաշնչյան ասույթ է, թե «Մեկը հին գինին խմելեն յետոյ անմիջապես նորը չ'ուզեր, քանզի կ'ըսե թե` Հինը ավելի ախորժելի է»: Այն որ Աստվածաշունչը, անկախ Աստծո հետ առնչության մասով ճշմարտություն կամ հորինվածք լինելուց, մարդկային հոգեբանության հարցում բանաձեւել է ճշմարտություններ, 2000 տարիների պատմությամբ է փաստված:

Պատմության բնականոն զարգացման հատվածներում իհարկե կյանքը բացասման բացասում է, առաջընթացը ապահովվում է ի հաշիվ նորի, լինի այդ նորը հայտնություն, հաշվարկ, թե նույնիսկ փորձություն: Սակայն վճռորոշ իրադրություններում ոչ ոք անծանոթ խաղաքարի վրա խաղագումար չի դնում: Այդպես վարվելու համար կա՛մ պետք է հուսահատ լինել, կա՛մ արկածախնդիր:

Հասկանալի է, որ քաղաքականության մեջ, այն էլ միջազգային քաղաքականության, չի կարող լինել արկածախնդրություն կամ հուսահատություն: Հետեւաբար չի կարող նաեւ իբրեւ խաղացող ասպարեզ իջնել ՀՀ նախագահի նորահայտ թեկնածու: Դեռ մի կողմ թողած, որ Հայաստանի քաղաքական դաշտում նման «հայտնության» ուրվագիծ իսկ տեսանելի չէ: Երբ օրակարգային առաջնահերթությունը արտաքին քաղաքական խնդիրների լուծումն է, այն էլ այնպիսի ֆունդամենտալ խնդրիների, որոնք պահանջում են հասարակական մտապատճեներ փշրել, դրանց տուրք տալու փոխարեն, այդտեղ վստահություն է հարկավոր ե՛ւ թեկնածուի գիտակցական մակարդակի նկատմամբ, ե՛ւ կամքի ուժի, ե՛ւ փորձառության: Հասկանալիորեն Հայաստանում ապրում է միայն մեկ անձ, ով նման ռակուրսով կարող է դիտարկվել` Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հենց միայն այն, որ այդ մարդը դիվանագիտական դաշտում հնարավոր դարձրեց, որ Հայաստանը խուսափի 1999-ի Հարավսլավիայի ճակատագրից, երբ ողջ աշխարհի աչքի առջեւ Ղարաբաղի շուրջ վերջինիս տարածքը քանիցս գերազանցող բուֆերային գոտի էր ստեղծվում, եւ մյուս կողմից կարողացավ զսպել հող նվաճելու իրողությունից ինչ-որ նախամարդու ոգեւորության հասած հայաստանյան զինված խմբերին, երբ դրանք դեպի Կիրովաբադ, Նախիջեւան ու չգիտես էլ ուր էին պատրաստ տարածվել` ինչ-որ միջնադարյան բարբարոսների ուշացած նմանակմամբ` թե «Սահման քաջաց, զենք յուրյանց», բավական է, որ Արեւմուտքը նույնիսկ երկրորդ թեկնածություն դիտարկելու կարիք չունենա:

Թերեւս 90-ականների Հայաստանում եւս մեկ-երկու անձինք ապրել են կամ ներկայում էլ ապրում են, ովքեր կարող են նույնքան հավասարակշիռ եւ պատասխանատու լինել: Բայց վճռորոշ պահերի ընտրությունը միշտ էլ կանգ է առնում անցյալ կատարյալի վրա, եւ ոչ ապառնի ենթադրականի: Մոտավորապես նույնը, ինչ «հին գինին»:

Ոչ ոք անալգին չի սիրում

Այն, որ համաշխարհային քաղաքական գործընթացները չեն արգելակվելու ընդամենը 29.000 քառ. կմ տարածք ունեցող մի երկրի եւ նրա նախագահի անձի պատճառով, ավելի քան հասկանալի է: Եթե մինչեւ 2010 թվական տրանս-միջերկրածովյան տնտեսական գոտին դառնալու է իրողություն, ապա նույնքան հասկանալի է, որ այն ընդգրկելու է Անդրկովկասը: Այլ կերպ ասած, Հայաստանում պետք է մինչեւ այդ տարեթիվը հասարակության գիտակցության մեջ փշրված լինեն հարյուրամյակներում կարծրացած պրոռուսականության եւ հակաթուրքականության մտավոր կաղապարները, եւ այդ վերափոխումը գործնական-դիվանագիտական դաշտում որոշակի քայլերով ամրագրված լինի: Այնպես որ ոչ ոք չի սպասելու, որ Քոչարյանը եւս երեք տարի սեփական առանցքի շուրջ քաղաքական տեղապտույտի շրջաններ գծի:

Քոչարյանն էլ, իրադրությունը գնահատելով, ջանք չի խնայելու սեփական օգտակարությունը եթե ոչ ֆունդամենտալ, ապա գոնե ընթացիկ խնդիրներ լուծելու կարողության տեսակետից ի ցույց դնելու, օրինակ Սահմանադրության եւ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցերում: Մի իրողություն, որին արդեն ականատես ենք: Թեեւ այդ «կարգավորելու կարողություն» ասվածն էլ արդեն այլ վիճակ չէ, քան միջազգային հանրության տրամաբանական պահանջներին ենթարկվելը:

Մինչ Քոչարյանը փորձում է ժամանակ շահել, Արեւմուտքն իր հերթին շարունակում է գլուխկոտրուկ լուծել: Կարո՞ղ է երկրի առջեւ ծառացած արտաքին քաղաքական խնդիրների թելադրանքով այդքան պահանջարկված ու անհրաժեշտ դարձած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը, նորից գալ իշխանության, երբ դա երեւի թե չի ցանկանում ինքը, եւ առավել եւս ու հաստատապես դա չի ցանկանում Հայաստանի ժողովուրդը:

«Անալգին ոչ ոք չի սիրում, բայց երբ գլուխդ ցավում է խմում ես» ասել է ինչ-որ մեկը` նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ Հայաստանի ժողովրդի վերաբերմունքը: Նման մեկնաբանությունը կգործի՞: Այդ մասին հաջորդիվ:

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ