Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-ը ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ

Մշակույթ

Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Ոսկե ծիրան-2005» երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, նա շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար եւ նշել, որ փառատոնը մասնակիցների ներկայացուցչական կազմի շնորհիվ ձեռք է բերել լայն ճանաչում եւ անպայման իր ներդրումը կունենա կինոյի զարգացման գործում: Նա ցանկություն է հայտնել, որ երեւանյան կինոփառատոնը դառնա շարունակական:

«Նման փառատոնների անցկացումը մեզ համար շատ կարեւոր է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանն եւ ավելացրել, որ «այն հնարավորություն է տալիս վերականգնել հայկական կինոյի բարի ավանդույթներն, ինչպես նաեւ հասկանալ, թե այսօր ինչ է կատարվում կինոարվեստում եւ ներգրավվել այդ գործընթացներում»: Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ, այն կօգնի վերականգնել նաեւ կինոթատրոններ այցելելու ավանդույթը:

Ներկայացնելով հյուրերին, փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նշել է, որ Հայաստան են ժամանել կինոարվեստում աշխարհի մեծագույնները: Նրա խոսքով, այս տարի զգալիորեն ընդլայնվել են «Ոսկե ծիրանի» ընդգրկման աշխարհագրական սահմաններն, ինչպես նաեւ ավելացել են անվանի կինոգործիչների ֆիլմերը, ինչը փառատոնն ավելի հետաքրքրական ու գրավիչ է դարձրել: