Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԾԱՂԿՈՒՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Մշակույթ

Գաղտնիք չէ, որ Հայաստանի մշակույթը ներկայումս, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Հայ արվեստագետները գոհ են միայն մի հանգամանքից՝ Հայ-Իրանական մշակութային կապերն այսօր ծաղկուն վիճակում են: Այդ հարաբերությունները թույլ են տալիս հայ արվեստագետներին մեծ հաջողությամբ հյուրախաղեր կազմակերպել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Անցյալ տարվա ընթացքում տեղի է ունեցել ավելի քան 50 թատերական, մշակութային, սպորտային խմբերի 600 անդամների փոխայցելություն Իրան եւ Հայաստան: Այդ հնարավորությունը տրվել է 1994 թվականից սկսած, երբ Հայաստանի եւ Իրանի Կառավարությունների միջեւ կնքվեց մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի եւ տուրիզմի բնագավառներում համագործակցության պայմանագիրը:

Երկու պետությունների մշակութային գործիչները գոհ են հատկապես վերջին 2 տարվա համագործակցությունից եւ հույս ունեն հետագայում ավելի խորացնել այն: Հաջողված մշակութային կապերի մասին, ըստ արվեստագետների, վկայում է այն փաստը, որ հայ երգիչները հանգիստ ստեղծագործում են Իրանում, հայ ֆուտբոլիստները խաղում են Իրանի ֆուտբոլային ակումբներում, հայ դերասանները Իրանում կայացած փառատոններից վերադառնում են առաջին մրցանակներով:

Ի դեպ, ներկայացված հաշվետվությունից տպավորություն էր ստեղծվում, որ հայ արվեստագետներն ավելի հաճախ են այցելում Իրան, քան իրենց իրանցի գործընկերները Հայաստան:

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի, Հայաստանի մշակույթի փոխնախարարի եւ մշակութային գործիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ համագումար: Համագումարի հիմնական նպատակն էր ամփոփել իրականացված աշխատանքն ու քննարկել հետագա անելիքները: 2003-2004 թվականների համար արդեն կազմվել է մշակութային միջոցառումների ցանկ: Թատերական, համերգային փառատոնների, նկարչական ցուցահանդեսների հետ մեկտեղ 2003 թվականին նախատեսվում է կազմակերպել Հայաստան-Իրան միջազգային գիտաժողով, Իրանի մշակութային օրերը Հայաստանում եւ Հայաստանի մշակութային օրերը Իրանում:

Իսկ Հայաստան-Իրան մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին խոսեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը: Ըստ արվեստագետի, եթե չլիներ մշակույթը, ապա փոխանակվող Գոնչեով, Ռախշայով եւ լամպերով հայերն ու իրանցիներն այդպես էլ չէին ճանաչի միմյանց: