Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՈՆՈՐՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՆՎԻՐՎԱԾՆԵՐԻՆ

Տնտեսություն

Եվրամիության հարեւանության ծրագրում Անդրկովկասի երկրների ընդգրկումը կսառեցնի՞, թե՞ կխթանի վերջիններիս անդամակցությունն այս կառույցին: Սեւծովյան գործարարության օրվա եւ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների 7-րդ տարեկան ժողովում այս հարցի պատասխանը, սակայն, չհնչեց:

«Մենք 14 տարի է հետաքրքրված ենք տարածաշրջանով»,- պարզապես ասաց Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեաս Պապադոպուլոսը: Ի դեպ, երկօրյա այս միջոցառումներին մասնակցում են Սեւծովյան տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Պապադոպուլոսը ներկայացրեց այն տնտեսական օգուտները, որոնք սպասվում են Անդրկովկասի երկրներին ԵՄ հարեւանության ծրագրից:

«Ազատ առեւտուր, մուտք եվրոպական շուկա, արտոնություններ, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականություն», -թվարկեց նա: Իսկ ի՞նչ է դրա դիմաց ակնկալում Եվրամիությունը: «Նվիրվածություն ծրագրին»,- տեղեկացրեց ԵՄ ներկայացուցիչը: Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի քարտուղար Քոստաս Մազմանիդիսը կարծում է, որ չափից ավելի կազմակերպություններ եւ ծրագրեր են գործում մեր տարածաշրջանում:

«Շատ են խոսում նվիրատուների հոգնածության մասին, բայց ոչ ոք չի խոսում շահառուների հոգնածության մասին»,- նկատեց նա:

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը 11 երկրների ու տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հայտնեց, որ Հայաստանը վարում է բաց դռների քաղաքականություն: Ներկայացվեց թվերով լեցուն մի հաշվետվություն, թե ինչքան աճ է գրանցվել հանրապետությունում նախորդ չորս տարիների ընթացքում:

«Մենք ունենք կայուն մակրոտնտեսական աճ, արագ զարգացող տնտեսություն, ներդրումները խթանող օրենսդրություն, հմուտ աշխատուժ»,- ներդրողներին հրապուրում էր պարոն Խաչատրյանը: Վերջինս իր խոսքում մի քանի անգամ կարեւորեց տարածաշրջանային համագործակցությունը, Թուրքիայի հետ սահմանի բացումը: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների 7-րդ տարեկան ժողովին մասնակցում էին նաեւ Թուրքիայի ներկայացուցիչները: