Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

Տնտեսություն

Կառավարությունն այսօր մի շարք որոշումներ է ընդունել, որոնցից մեկը խիստ մարդասիրական է. փոխհատուցել հայկական արտահանողների պարտքերը: Պետությունն արտահանողների նկատմամբ վերջին տարիներին ֆինանսական պարտավորություններ է կուտակել, քանի որ չի վճարել գործարարի՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցման ծախսերը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեղեկացրեց, որ սկսած այս տարվանից, գործադիրը ոչ միայն ամբողջությամբ վերադարձնելու է արտահանողների վճարած ԱԱՀ-ն, այլ նախորդ տարիներին կուտակվածներից 4 միլիարդ դրամի չափով պարտք է մարելու:

Ֆինանսների փոխնախարարն այսօր ազդարարեց Հայաստանի ակնկալող հերթական վարկի մասին: Աղքատության կրճատման աջակցության համար մեր երկիրը նախորդ տարի 21 մլն դոլար վարկ է ստացել, եւս 20 մլն կստանա այս տարի: Գումարը նախատեսվում է ծախսել 5 ուղղություններով, որոնցից մեկը արտահանողների մուծած ԱԱՀ-ն փոխհատուցելն է: Մյուս չորսը՝ սոցիալական, գյուղատնտեսական, բնապահպանական-անտառային տնտեսության վերաբերյալ են, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտը բարեփոխելու համար ծախսերը:

Ծրագրերի մեջ օգտագործվում են «աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի շրջանակներում» հերթապահ արտահայտությունը եւ «նախատեսվում է բարելավել գործարար միջավայրը» հերթապահ խոստումը, որոնք այսօր կրկնեց ֆինանսների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը: Նա չպատասխանեց հարցին, թե ինչու է արտահանողների նկատմամբ պարտք կուտակվել, երբ բյուջեն կառավարությունը ավելցուկով է կատարել, չասաց նաեւ, թե որեւէ գործարար արդյո՞ք կառավարությանը դատի տվել է՝ իրեն պարտք գումարի բռնագանձման հայցապահանջով: