Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱՄԻ ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԱՐՏԱԴՐՈՂԻՆ

Տնտեսություն

«էական չի, բարձր է դրամի կուրսը, թե ոչ: Կարեւոր է՝ այն խթանի տնտեսության զարգացմանը»,- այսօր «Երեւան» հյուրանոցում «Տնտեսությունը եւ դրամավարկայաին քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Նա եւ ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը Քաղաքական բանավեճի ակումբի այսօրվա հյուրերն էին:

Տնտեսագետի գնահատմամբ՝ 2004թ «ունիկալ» եւ վտանգավոր էր Հայաստանի համար: Նախորդ տարի ներկրման ծավալներն ավելի բարձր են եղել, քան արտահանմանը: Ըստ Աղաջանովի՝ ազգային դրամի բարձր կուրսը հարվածում է արտադրողին: ՀՆԱ-ում արտադրանքի ծավալը նախորդ տարի կազմել է 19,3 տոկոս՝ ներառյալ էներգարտադրությունը: «Ինդուստրիալ Հայաստանը դարձել է ինդուստրիալ-շինարարական Հայաստան»,- ասում է Աղաջանովը: Վերջինս առաջարկում է ընտրել տնտեսական զարգացման նոր մոդել եւ փոխել դրամավարկային քաղաքականության ուղղությունը:

Անհրաժեշտ է, ըստ նրա, ունենալ գիտելիքների վրա հիմնված տնտեսություն, մինչդեռ Հայաստանում տարեց տարի նվազում է գիտությանը բյուջեով հատկացումները: Եթե 2004թ դա կազմել է բյուջեի 0,2 տոկոսն, ապա 2005թ-ին՝ ընդամենը 0,16 տոկոս: Ինչ վերաբերում է դրամակայունությանը, ապա, այն, ըստ Աղաջանովի՝ կազմում է 15-17 տոկոս: Սա ցածր տոկոս է, նրա բառերով, «ջունգլիներին հատուկ»: Տնտեսագետը դժգոհեց նաեւ, որ ՀՀ բանկերը շատ փոքր մասնակցություն ունեն տնտեսության մեջ:

Մյուս բանախոսը՝ ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, չի ընդունում, որ Հայաստանն «յուրահատուկ է իր մակրոտնտեսական ցուցանիշներով»: Նա ասում էր, որ այդ ցուցանիշները կրկնվում են նաեւ Անդրկովկասի մյուս հանրապետություններում: Պարոն Գաբրիելյանը ընդունում է, որ դրամի արժեվորման հետ նվազել են արտահանման ծավալները, բայց միաժամանակ էլ այդ իբրեւ բացասական երեւյթ չի դիտարկում: Ըստ նրա, 1996թ-ից ի վեր Հայաստանի դրամավարկային «ռեժիմի փոփոխություն չի եղել»: Այսինքն այն պահից, երբ ընդունվել է ԿԲ մասին համապատասխան օրենք:

Մեր Կենտրոնական բանկի համար առաջնահերթությունը գների կայունությունն է: Իսկ որքանո՞վ է ԿԲ-ը կարողանում իրագործել իր առաջնահերթությունը, այդ արդեն այլ հարց է: Էդուրարդ Աղաջանովի գնահատմամաբ՝ այսօր ոչինչ չի կարելի պահանջել ԿԲ-ից, քանի որ այն ոչինչ ի վիճակի չէ անել: