Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան 2
A A
Պաշտոնական

Ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև ՀՀ պետականության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին․ Փաշինյանի ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Մայիսի 9-ի առիթով

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

 

Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը:

 

Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:

 

Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան: Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:

 

Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում:

 

Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն:

 

Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է:

 

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր

տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը:

 

Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:

 

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

 

Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին: Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը:

 

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: