Քարվաճառի և Հադրութի շրջանների վերաբերյալ գիրք-ալբոմ ստեղծելու նյութերի պաշար կա, մնում է աջակցություն լինի. Զոհրաբ Ըռքոյան
Աջակցիր «Ա1+»-ինԶոհրաբ Ըռքոյանն Արցախյան շարժման, ապա նաև ազատամարտի ակտիվ մասնակիցներից է: Արցախում առաջին անգամ եղել է 1988թ. նոյեմբերին՝ որպես «Գարուն» ամսագրի լրագրող:
1991-93 թվականներին տարբեր ջոկատների կազմում մասնակցել է Արցախի ու ՀՀ սահմանների պաշտպանական, ազատագրական մարտերին։ 1996թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունում՝ որպես կրթատեսչական բաժնի վարիչ։ 2010 թվականից «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ Արցախի գրողների և լրագրողների միությունների անդամ է:
«Շրջանային թերթը խմբագրելուն զուգահեռ՝ զբաղվել եմ տարածքի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմամբ, դրանց մասին բազում հրապարակումներ արել մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ: Հուշարձանների լուսանկարներով նաև օրացույցներ եմ տպագրել: 2010թ. ԱՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ու Բերձորում գործող «ՀայԵր» ՀԿ-ի նախաձեռնությամբ 200 օրինակով տպագրեցի «Մեր Քաշաթաղը» ալբոմը, որոնցից նվիրել եմ նաև Մինսկի խմբի համանախագահներին: Այդ տարիներին կարևոր եմ համարում իմ հեղինակած «Արծիվներն ամպերի մեջ» գրքի հրատարակումը՝ նվիրված Վարանդայի գումարտակի, հատկապես Ավետարանոցի ջոկատի անցած մարտական ուղուն և նահատակներին: 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին աշխատել եմ շրջանային քաղպաշտպանության շտաբում, աջակցել բնակչության տարհանման աշխատանքներին: Կազմակերպում էի նաև սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ներկրում Արցախ: Բերձորում գտնվող մեր տունը վերածվել էր շտաբի: Կինս էլ՝ որպես բուժքույր, հերթապահում էր ապաստարաններում, շտաբում»,- պատմում է նա:
Չնայած նրան, որ 2020 թվականի նոյեմբերին Բերձորն անցավ հակառակորդի տիրապետության տակ, «Մերան»-ը շարունակում էր լույս տեսնել։ Բոլոր աշխատողներն աշխատում էին։
«2022-ին ԱՀ կառավարության որոշմամբ, չգիտեմ ինչու, փակվեց: Բայց մինչ օրս պահում եմ թերթի ֆոսբուքյան էջը: «Մերան»-ի բոլոր համարները հատկացրել եմ Հայաստանի ազգային գրադարանին: Ունեմ մեծ քանակով արխիվային նյութեր, որոնք պետք է պահպանվեն։ Այս հարցում աջակցության կարիք ունեմ։ 2021 թվականից մինչև 2023թ. մայիսի վերջը, որպես թղթակից, աշխատել եմ «Հայաստանի Հանրապետություն» կառավարական թերթում, որը փակվեց նույն կառավարության որոշմամբ»,- ասում է նա։
Մայր Աթոռի աջակցությամբ 2022թ. տպագրվեց Զ. Ըռքոյանի «Հայոց Քաշաթաղը» գիրք-ալբոմը, իսկ 2023-ին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրք-ալբոմի անգլերեն տարբերակը: Թերթի նախկին խմբագիրն այժմ աշխատում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղում: Նպատակ ունի «Հայոց Քաշաթաղը» գիրքը տպագրել այլ լեզուներով ևս:
«Ցանկանում եմ նաև Քաշաթաղի՝ 1993-2023թ. պատմությունը գրել: Զբաղված եմ լուսանկարների և տեսանյութերի թվայնացման աշխատանքներով: Կա նպատակ նաև՝ գիրք-ալբոմ ստեղծել Քարվաճառի և Հադրութի շրջանների վերաբերյալ: Նյութերի պաշար կա, մնում է ժամանակ, առողջություն և աջակցություն լինի»:
Անահիտ Պետրոսյան