«Դպրոցի տնօրենը աշխատաժամից դուրս կարող է դառնալ Ձյունանուշիկ» (տեսանյութ)
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին հետաքրքրում է՝ ընտրական մշակույթի առումով ինչ առաջադիմական նորույթ է պարունակում «Հանրաքվեի» մասին նախագիծը: «Ընտրական օրենսդրությունում կան թիրախային կետեր, եթե դրանցում փոփոխություն չի կատարվել, մնացածը կարելի է ասել դիզայնի համար է, արտաքին շղարշի համար: Մասնավորապես ինչպես գործող Ընտրական օրենսգրքում է, այնպես էլ փաստորեն այս օրենքի նախագծում արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ուսումնական հաստատությունների, մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց պարտականությունները կատարելիս»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: Այն ընդգրկված է Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ նախընտրական քարոզչության ընթացքում, խախտումները կատարում են ոչ դատավորները, դատախազները կամ քննիչները: «Հիմնական ընտրակեղծարարության բեռը, ցավոք սրտի, դրված է մանկավարժական կադրերի վրա»։ Հաջորդ թիրախային կետը, ըստ ԱԺ պատգամավորների, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կետն է. «Եթե կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»: Նա նաեւ բացատրեց, թե ինչու ընտրությունների արդյունքների հետ համամիտ չլինելով, չեն բողոքարկում Սահմանադրական դատարանում: «Սահմանադրական դատարանը խախտումներն արձանագրում է, բայց ասում է, որ դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա, դրա համար էլ ՍԴ-ն չի բավարարում ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորն առաջարկեց նախագծում նախընտրական քարոզչության մասում արգելք նախատեսել մանկավարժների մասով: «Նախորդ ընտրությունների ժամանակ տնօրենները պարզաբանել էին, որ դա աշխատաժամանակից դուրս է եղել: Շատ ներողություն, ես, դուք աշխատաժամանակից դուրս դադարում ենք պատգամավոր լինելուց : Կարող է դպրոցի տնօրենը աշխատաժամից դուրս դառնում է Ձյունանուշիկ»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ երբ արգելք են դնում, զրկում են մանկավարժներին քաղաքական կյանքին որոշակի առումով մասնակցության տեսանկյունից. «Մանկավարժը միայն դպրոցում է մանկավարժ եւ դպրոցից դուրս իր գործառույթներն իրականացնելիս ինքն ազատ է իր գործողություններն իրականացնելիս, եթե դրանք չեն ստվերում, կամ չեն արատավորում ուսումնական հաստատության հեղինակությունը»: Ըստ Ռուստամ Մախմուդյանի, այդ իրավունքը չպետք է սահմանափակել: Գեւորգ Պետրոսյանի առաջարկը չանցավ: Հանձնաժողովի անդամները կողմ էին «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություններին: