Սարյանի «Ծաղիկները» տուն վերադարձան (տեսանյութ)
Սարյանը ծաղիկներ է նկարում ապակու վրա: Շատերին, իհարկե, ծանոթ են այս կադրերը։ Սա Լաերտ Վաղարշյանի «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի կադրերն են, նկարահանված 1965 թվականին։ Ապակու վրա աշխատելու ռեժիսորի գաղափարը հիանալի հնարավորություն էր բացահայտելու Սարյանին ստեղծագործելու պահին: 85-ամյա Վարպետը չի անում նախնական որևէ էսքիզ: Վրձնով ու ներկով նկարում է հենց ապակու վրա: Տեքստի հեղինակը՝ Իլյա Էրենբուգն է, երաժշտության հեղինակը՝ Վարպետի որդին՝ Ղազարոս Սարյանը, իսկ օպերատորը՝ Մարատ Վարժապետյանը, որին էլ վարպետը ֆիլմի նկարահանումներից հետո նվիրեց այս նկարը։ Հետագայում Մարատ Վարժապետյանի ընտանիքը վաճառել է աշխատանքը, և տաս տարի առաջ մոսկվաբնակ ռուս կոլեկցիոներ Յուրի Նոսովը գնել է այն Շվեդիայի աճուրդում։ «Իմ նախասիրությունը 20-րդ դարի առաջին կեսի ռուսական արվեստն է։ Վաղ Սարյանը ևս ռուսական դպրոցն է ներկայացնում։ Իմ անձնական հավաքածուում, սա միակ Սարյանն է, բայց սա եզակի գործ է»,-ասում է Նոսովը։ Կոլեկցիոները ընդունեց Մարտիրոս Սարյանի թոռնուհիների հրավերը, նկարն անձամբ բերեց Երևան և այսօր՝ Վարպետի ծննդյան օրն այն ցուցադրվեց տուն-թանգարանի դահլիճում։ Յուրի Նոսովը առաջին անգամ է Երևանում, վարպետի տուն-թանգարանում։ «Երջանիկ եմ անչափ, այն էլ ասեմ, որ այս նկարն էլ առաջին անգամ եմ ցուցադրելու»,- ասում է նա։ Այսօր կայացավ նաև Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը։ Նկարի ցուցադրությունը կտևի տաս օր։