Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն  Վարդգես Գասպարիի գործով որոշում է կայացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
gaspari

Ինժեներ-գործարար, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի՝ ոստիկանության աշխատակիցներին եւ դատավորին վիրավորելու գործը ենթակա է վերանայման։  Նման որոշում է օրերս կայացրել Սահմանադրական դատարանը։ «Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել են, նոր  քննության են ուղարկել»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Սահմանադրական  դատարան  Վարդգես Գասպարիի պաշտպանները դիմել էին  դատական մի խնդրից հետո, երբ Վերաքննիչ  դատարանը  բողոքը թողել էր առանց քննության՝ համարելով, որ այն ներկայացվել է ժամկետանց, վճռաբեկ դատարանն  էլ  բողոքի դեմ ներկայացված բողոքը վարույթ չէր ընդունել։  Իսկ բողոքը  նախորդ տարվա մարտի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման առիթով էր։  Դատավոր Նելլի Բաղդասարյանը Վարդգես Գասպարիին մեղավոր էր ճանաչել քրեական հանցագործության մեջ եւ  նշանակել տուգանք 450.000 դրամի չափով: «Տուգանքը երկրորդական է, խոսքը վերաբերում է դատվածությանը:  3-4  դատվածություն ունեմ: Չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում եւս մեկը ավելանալը կամ մեկը բեկանվելը»,- ասում է ակտիվիստը:     Վարդգես Գասպարին կարծում է, որ դատական համակարգում նման որոշումները պայմանավորված են արտաքին  գործոններով. «Նայում են, բացի եվրոպական դատարան գնալուց, այլ հարթակներում էլ է այդ հարցերը քննարկվում, թե ինչ կարգի կամայականություններ են: Միակ բանը, որ հետաքրքրում է  իշխանությանը, այն է, որ հանկարծ խոչընդոտներ չառաջանան դրսից ֆինանսական աջակցության հարցում»:  Նա միաժամանակ  չի կարծում, որ սրանից իշխանություններ հետեւություններ կանեն. «Իրենք զուտ սելեկտիվ կերպով կարող է ինչ- որ բան անեն՝ գլխացավանքներից ազատվելու համար»։ Ի դեպ,  Վարդգես Գասպարին շարունակում է ամեն օր առավոտյան  բողոքի ակցիա իրականացնել Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ՝ պահանջելով տարբեր հարցերի վերաբերյալ պատասխաններ։