Խտրական վերաբերմունք՝ Խանդոյանների նկատմամբ. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին (տեսանյութ)
Անազատության մեջ գտնող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը եւ նրա եղբայրը՝ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը չեն կարողանում տեսակցել միմյանց, թեեւ երկուսն էլ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «ՔԿՀ պետը մերժել է՝ ասելով, որ օրենսդրությամբ նման ընթացակարգ չունեն, որ տեսակցեն»,- «Ա1+»-ին ասաց նրանց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Պաշտպանի խոսքերով՝ այս կերպ խախտվում է օրենքը։ Թե Արայիկ Խանդոյանի եւ թե Արարատ Խանդոյանի մերձավորների հետ տեսակցությունների արագելքը վերացված է. «Ինչպես գիտեք քաղաքական գործ է, այդ իսկ պատճառով թույլ չեն տալիս, որ եղբայրները միմյանց հետ տեսակցեն: Ես դեպքեր գիտեմ, երբ եւ ամուսինը եւ կինը կալանավորված են, եւ միմյանց տեսակցում են: Սա նաեւ խտրական վերաբերմունք է, երբ իմ պաշտպանյալները չեն կարող միմյանց տեսակցել այն պարագայում, երբ նրանք մերձավոր ազգականներ են»: Արա Ղարագյոզյանը խնդրի վերաբերյալ տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանին: «Պատասխան եմ ստացել, որ վարույթ է սկսվել՝ քննարկելու մեր դիմումը: Այո, մեր օրենսդրության մեջ նման ընթացակարգ չկա գրված, սակայն 15-րդ կետով այդ հարցը կարգավորվում է, եւ հնարավոր է, որ եղբայրները տեսակցեն, քանի որ մերձավոր ազգականներ են համարվում»: Հիշեցնենք, որ Խորենացու դեպքերով ազատազրկված Արարատ Խանդոյանը առաջին ատյանի դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, իսկ «Սասնա ծռեր»-ի գործով ըստ էության դեռ դատավարություն տեղի չի ունենում: Արայիկ Խանդոյանը հեռացված է նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: