Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետի նշանակումը կատարվել է Սահմանադրական նորմերի խախտմամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM88441

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանն իր ելույթում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ արդեն հասել ենք այն սահմանագծին, որից հետո այլ տարբերակ չկար. «Բառադիության հասնող արխային լինելն էր իշխում, քանի դեռ դանակը ոսկորին չի հասել մտայնությունը կար, սակայն այդ ամենը բերեց մի կետի, որն անդառնալի էր լինելու: Հիմա հանրության մեջ նոր արյուն, որակական նոր փոփոխություններ կատարելու մի վերջին հնարավորություն է ստեղծվել»: Ըստ նրա՝ կարծրատիպերը պետք է փշրել անկախության նոր սերնդի ավյունով՝ էպոսի հերոսի նման ճեղքելով ջրերը. «Մեզ դժվար ժամանակներ են սպասվում: Անհնարը հնարավոր է դառնում, երբ երկրում կա կրիտիկական զանգված, որը փորձում է իրավիճակը շրջել: Դրա համար հիմա հարյուր մարդն էլ բավարար է, այն հեռանկարով, որ նրանք հազար են դառնալու»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ Կառավարության ծրագրի ներկայացումը առիթ ստեղծում՝ խոսելու Գործադիր մարմնի նշանակման մասին ու առաջին գնահատականները տալ. «Վարչապետի նշանակումը կատարվել է Սահմանադրական նորմերի խախտմամբ: Սերժ Սարգսյանը պիտի խորհրդակցեր խմբակցությունների հետ: Նման բան ՀԱԿ-ի հետ չի եղել, թեեւ նախորդ անգամներին ՀԱԿ-ն ինքն է մերժել, սակայն դա չի նշանակում, որ հիմա պիտի խախտեն Սահմանադրությունը»: Նա չժխտեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մի լավ բան արել է՝ պաշտոնից հեռացվել են  մարզպետներ ու կառավարության անդամներ, որոնք թալանել են երկիրը. «Այդ մասին չի գրել միայն ծույլը: Սա արդեն հույսեր է առաջացրել հասարակության մեջ: Սակայն միգուցե սա Սերժ Սարգսյանի մի նախընտրական հնարք է, որի միակ նպատակն է՝ մեղմել ժողովրդի համատարած ատելությունը, հանդես գալ մարդկային դեմքով ու հնարավորինս իրականացնել ռեժիմի վերարտադրությունը, որից հետո նրանք նորից կհանեն իրենց դիմակներն ու կխժռեն ժողովրդին»: Ըստ նրա՝ նոր Կառավարությունը պիտի կասեցներ «Հարկային օրենսգրքի» կենսագործումը, ապա միայն ծրագիր ներկայացներ ԱԺ. «Նշենք, որ ներկրումը երեք անգամ գերազանցել է արտահանումը: Այն ախտորոշիչ գնահատականները, որ տալիս ենք, չկան ձեր ծրագրում, այլ միայն կա ձեւակերպում՝ սեղմ ժամկետներում ախտորոշել կառավարման համակարգը: Դուք չեք ասում ձեր տեսլականը, չեք ներկայացնում գործող համակարգի արատները, տնտեսական ի՞նչ մոդել ենք ուզում ստեղծել, այլ միայն ներկայացվում են գործիքները: Սա ծրագիր է ընտրողների առաջ որեւէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանի  ասածների վերաբերյալ Կառավարությունից լսեցինք դրական արձագանքներ, սակայն կոնկրետ քայլեր չտեսանք»: Լեւոն Զուրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ասելով. «Հագելի ընդդիմադիր հռետորը  կամ չէր կարդացել Կառավարության ծրագիրը, կամ սուտ էին նրան պատմել. կա ծրագրի իրականացման կարճատեւ ու երկարատեւ փուլ, երկուսն էլ շատ հավակնոտ: Իսկ ՀՀԿ-ականները փրկության կարիք չունեն, այստեղ փրկիչներ չկան»: