Ոստիկանական գործողությունից տուժածները պետք է դիմում ներկայացնեն (տեսանյութ)
Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր անցած օրերի ընթացքում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից՝ գործերին իրավական ընթացք տալու համար պետք է դիմումներ ներկայացնեն հատուկ քննչական ծառայություն, իրավապաշտպան ընկերություններին եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ քաղաքացիների բերման ենթարկելու գրեթե բոլոր դեպքերը փաստագրված են տեսանյութերում, հետեւաբար դրանց լրացուցիչ ապացուցման խնդիր այլեւս չկա : «Եթե երեկ 80 հոգի բերման է ենթարկվել, ապա 80-նն էլ թող դիմում գրեն: Հիմա այսպիսի մի տենդենց կա, սկսում են մարդկանց համոզել, որ դիմում չգրեն։ Ասում են եկեք չբողոքենք, որովհետեւ մենք ենք տուժելու, իսկ իրական հրաման տվողները դուրս են մնալու պատասխանատվությունից : Բայց երեկվա Կարմիր բերետավորների պահվածքը խուլիգանություն էր. ոչ թե ոստիկանի պահվածք: Դրանց դեմ պետք է անհատապես դիմում գրվի» : Իրավապաշտպան Արա Ղազարյանի խոսքերով, եթե հարցաքննության են կանչում, ապա պետք է անպայման փաստաբանի ներկայությամբ կատարվի հարցաքննությունը : «Ամեն դեպքում, եթե քաղաքացուն փողոցում ոստիկաններ են մոտենում տանելու նպատակով, անհրաժեշտ է նախ խնդրել, որ ոստիկանը ներկայանա, կարեւոր է, որ քաղաքացին պետք է բռնություն չկիրառի ոստիկանի նկատմամբ, այլ պարզապես հարցնի, թե ինչ հիմքով են իրեն տանում : Այդքանից հետո, եթե ոստիկանները բերման են ենթարկում, ապա պետք է ասել, որ անօրինականություն է կատարվում» : Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հորդորում է դիմումներ ներկայացնել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Եթե անգամ այնտեղ արդյունավետ չեն աշխատում, թող այնտեղ կուտակվեն այդ գործերը. հանրության համար պարզ կդառնա, թե 80 մարդու դիմումից քանիսն են նորմալ ընթացք ստացել: Թե չէ, իրենք են իրենց աշխատանքը գնահատում» :