Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, անհիմն է համարում ոստիկանության ներկայացրած այն հաղորդագրությունը, թե նա չի կատարել ոստիկանների օրինական պահանջը: «Ինձ պարզապես ցանկանում էին հեռացնել Գյումրիից: Ոստիկանները միայն ինձ բերման ենթարկելուց են նկատել, որ շապիկիս տակ ինչ-որ բան եմ թաքցնում: Ես դա այնպես էի պահել, որ հնարավոր չէր երեւար»,- «Ա1+»-ին ասաց Շահեն Հարությունյանը: Իսկ Շահեն Հարությունյանը իր շապիկի տակ պահել էր «Ազատություն Շանթ Հարությունյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին» պաստառը, որպեսզի Գյումրիում Հռոմի պապին իրազեկեր Հայաստանում շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալների գոյության մասին: Դեպքից հետո 11 ժամ Շահեն Հարությունյանը անցկացրել է ոստիկանության բաժնում: Այս պահին էլ նա գտնվում է Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում: Շահենը համոզված է՝ իրեն կպահեն այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ Հռոմի պապը գնա Հայաստանից: Շահեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Ի դեպ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը, քանի որ Շահեն Հարությունյանը, որպես պայմանական դատապարտված անչափահաս, գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ: