Ուկրաինական հակամարտությունը նրան վերադարձրեց հայրենիք (տեսանյութ)
Տարիների բացակայությունից հետո Լեւոն Հովակիմյանին 1,5 տարի առաջ հայրենիք է վերադարձրել ուկրաինական հակամարտությունը: Լեւոն Հովակիմյանը 1978 թ-ից բնակվել է Լուգանսկում։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է. «Պետք է շտապ հանեին ինձ այնտեղից, հնարավոր չէր մնալ, որովհետեւ այնտեղ շիլափլավ էր արդեն, իմ վրա էր որսը գնում»: Ոսկերիչ-արծաթագործ Լեւոն Հովակիմյանը չի սիրում, երբ իրեն Հայաստանում փախստական են անվանում: Նա երազում է այստեղ էլ իր սեփական արտադրամասը բացել, ինչպես նաեւ բարեգործությամբ զբաղվել։ 35 տարուց ավելի դրսում ապրած Լեւոն Հովակիմյանը Հայաստանում արժեքների փոփոխություն է նկատում. «Մի քիչ երիտասարդությունն է փոխվել, հարազատությունն է փոխվել, ուրիշ արժանիքներ, ուրիշ չափանիշներ ունեն արդեն հարգանքի»: Բարեկամներին նեղություն չտալու համար Լեւոն Հովակիմյանն արդեն մի քանի ամիս է՝ տեղափոխվել է «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական տուն: Ասում է՝ հիմա սա է իր տունը, իսկ հարեւանները՝ հարազատները: Այստեղ տարիքով ամենաերիտասարդն է, ուստի բոլոր գործերն իր վրա է վերցրել: 69-ամյա Լեւոն Հովակիմյանը սիրում է կրկնել, թե 100 տարի է ապրելու՝ մինչեւ ավարտին հասցնի բոլոր կիսատ գործերը։ Իսկ հիմա մի ցանկություն ունի՝ նույն սեղանի շուրջ նստել երեխաների եւ թոռների հետ, որոնք ճակատագրի բերումով աշխարհի տարբեր անկյուններում են: Մանրամասները՝ տեսանյութում