Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարտոֆիլի գինը առաջիկայում կբարձրանա (տեսանյութ)

Հասարակություն
kartofil-nkar1

Առաջիկա շաբաթների ընթացքում շուկայում կարտոֆիլը կթանկանա 15%-ի չափով. ասում է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա` պատճառը կարտոֆիլի բերքի սակավությունն էր` պայմանավորված բնակլիմայական գործոններով: «Ցավոք սրտի մենք ունեցանք 65 օրվա երաշտ, որն իրոք մեր ընդհանուր բերքի վրա ազդեց: Այն քանակները, որ մենք սպասում էինք այս տարի, չստացվեց. այդ երաշտի պատճառով 10-15 տոկոս բերքի կորուստ ունեցանք: Կարտոֆիլի պալարը մնաց փոքր ու չխոշորացավ»: Սրա հետևանքով, Հրաչ Բերբերյանի խոսքով, առաջ է գալու նաև սերմացուի խնդիր. «Գյուղացիներին խորհուրդ ենք տալիս ամեն պատահական ֆերմերներից տնկանյութ ձեռք չբերել, որպեսզի երաշխավորված բերք ունենան: Պետք է ուշադրություն դարձնել նրա որակի վրա»: Այլ իրավիճակ է պտուղ-բանջարեղենների բերքի առումով: «Այս տարվա պտուղն ու խաղողը իրոք Աստծո բարիք էր և մենք ունենք կայուն բերք: Արտահանումների քանակը կտրուկ բարձրացել է: Ցավոք սրտի մաքսային մարմինները չեն տպում, թե ինչքան է արտահանվել, տարբեր թվեր են ասում, բայց որ գործընթացը դրական է, իսկապես այդպես է»: Հրաչ Բերբերյանը մտահոգիչ է համարում խաղողի մթերման գործընթացը, չնայած որ պետությունը փորձում է ինչ- որ քայլեր ձեռնարկել. «Պետք է հասկանալ նաև, որ ռուսաստանյան շուկան այլևս այնքան մեծ քանակության գինի ձեռք չի բերում Հայաստանից, որքան որ նախկինում: Սա ազդում է խաղողի մթերման ծավալների վրա: Կարծում եմ, որ հաջորդ տարի իրավիճակը կշտկվի, երբ մեր գները կկարողանանք հաստատել այնտեղի շուկայի նկատմամբ»: