Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արա Բուդաղյանի գործով նոտարն ավելի երկար է մտածում, քան դատարանը» (տեսանյութ)

Հասարակություն
Hayk-Alumyan

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկարաձգել Արա Բուդաղյանի երկամսյա կալանքը։ Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեջ։ «Կալանքը երկարացվում է այն ժամանակ, երբ դատարանը կասկածանք է ունենում, որ մեղադրվողը կարող է թաքնվել կամ ազդել մյուս կողմի վրա։ Քննիչը, սակայն, չի ներկայացրել որևէ փաստարկ»,-շեշտում է փաստաբան Հայկ Ալումյանը։ «Կենտրոնի դատարանը տխուր ավանդույթ ունի. ԱԱԾ-ի՝ կալանավորման միջնորդությունը չի մերժում։ Նոտարն ավելի երկար է մտածում գործարքից առաջ, քան դատարանը՝ կալանավորելու հարցում»,-ասում է փաստաբանը։ Քննիչը միայն մեկ ապացույց է ներկայացրել. առերեսում։ «Այդ առերեսումը գործով անցնող երկու անձանց հետ է եղել։ Երբ հարցրինք, թե ինչ կապ ունի դա, քննիչը չկարողացավ պատասխան տալ, թեև փորձում էր»։ Փաստաբանը պնդում է, որ դատարանի որոշումը արդարադատության հետ որևէ կապ չունի։ «Դատարանը կայացրեց ստանդարտ որոշում։ Մենք գործ ունենք կոպիտ սխալի հետ»։ Պարոն Ալումյանը նշեց, որ բողոքարկել է կալանքը երկարաձգելու որոշումը։ Իր պաշտպանյալի նկատմամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություն չի եղել. որևէ փորձաքննություն չի արվել։ «Միայն մեկ պատճառաբանություն կա կալանքի հարցում, այն է՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվելը։ Արա Բուդաղյանը կապ չունի բոլոր այն մարդկանց հետ, ովքեր մեքենայի մեջ են եղել։ Բայց այս իրավիճակից պարզ է դառնում, որ մեզ մոտ ամեն ինչ շուռ տված է գլխիվայր»։ Պարոն Ալումյանը նշեց նաև, որ պաշտպանյալի գործով երեք գանգատ արդեն ունեն և դիմելու են Եվրոպական դատարան։ Փաստաբանը վստահ է, որ մեր դատարանների նման պահվածքի հետևանքով ընդդեմ Հայաստանի վճիռները շեշտակի շատանալու են։