Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ասաց, թե հնարավոր չէր բացահայտել մարտի մեկը. Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքականություն
March1a1

Ով ասաց, թե հնարավոր չէր բացահայտել մարտի մեկը, դա վաղուց պետք է արվեր. այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ անդրադառնալով ՄԻՊ 2013թ. զեկույցին: Պարոն Դեմիրճյանը նաեւ ընդգծեց՝ այսօր ոմանք անձեռնմխելի են ու անգամ մարդասպանության համար չեն դատապարտվում. «Այսօր քաղաքական շարժառիթներով անարդար դատավճիռներ են կայացվում, սակայն ընդամենը երեք կարգապահ վարույթ է եղել դատավորների նկատմամբ»: Նա նկատեց, որ զեկույցում ընտրակեղծիքների վերաբերյալ որպես խախտումների կանխարգելման մեխանիզմ՝ նշված է մատների թանաքոտումը. «Սակայն չպետք է մոռանանք՝ կեղծիքները մեզ մոտ համակարգային բնույթ են կրում. մարդիկ զրկված են ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրենց սահմանադրական իրավունքից: Ընտրություններ կեղծած իշխանությունը հիմա խոսում է սահմանադրական բարեփոխումներից»: ՀԱԿ մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ ելույթը ԱԺ նախագահողին հարցրեց. «Ո՞ւմ համար ենք խոսում, երբ ՄԻ պաշտպանը դահլիճում չէ: Բացարձակ սիրուն չէ»: «Դիտողությունը տեղին էր»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Քիչ ուշ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մտավ դահլիճ: Ըստ Արամ Մանուկյանի՝ ՄԻ պաշտպանն ինքը իրավունքների պաշտպանության կարիք ունի. «Աշխատանքը կատարված է շատ բծախնդիր, բայց կա շատ կարեւոր մի խնդիր՝ մարտի մեկի խնդիրը շատ հպանցիկ է ներկայացված: Նշված է, որ վեց տարում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել ու արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկվեն սեղմ ժամկետներում բացահայտելու համար: Սակայն դա ամենեւին լուծում չէ: Մարտի մեկը պետք է լիներ զեկույցի առանցքն ու ողնաշարը, քանի որ նման սպանդ վերջին տարիներին չէր եղել: Սա կլիներ օմբուդսմենի համար քննություն»: