Դիլիջանի «Իմպուլսը» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղին պատրաստվում է Երեւանում: Ակումբի մամուլի ծառայությունից «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեցին, որ թիմը օրը մեկական մարզում է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
«Իմպուլսը» նոր մրցաշրջանից առաջ հիմնականում համալրվել է երիտասարդ ֆուտբոլիստներով: Ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա Արամ եւ Հակոբ Լոռեցյան եղբայրների, դարպասապահ Տիգրան Դավթյանի, մակեդոնացի հարձակվող Ֆիլիպ Տիմովի, 21-ամյա կիսապաշտպան, մոլդովացի Կոնստանտին Մանդրիչենկոյի եւ 22-ամյա պաշտպան Հայկ Իշխանյանի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Իմպուլսը» մրցելու է հանրապետության չեմպիոն «Ուլիսի» հետ: Թիմերի առաջին խաղը նախատեսված է մարտի 17-ին, «Իմպուլսի» դաշտում:
Դիլիջանյան ակումբն այս տարի իր մրցակիցներին ընդունելու է Արարատի «Այգ» մարզաբազայի խաղադաշտում, սակայն վերջինս առայժմ պատրաստ չէ նոր մրցաշրջանին, ուստի դեռ հայտնի չէ, թե որտեղ կկայանա «Ուլիսի» հետ հանդիպումը:
«Իմպուլսի» մամուլի ծառայությունից այդ առիթով ասացին, որ ակումբն այժմ արհեստական խոտածածկով մարզադաշտ է փնտրում:

