«Բազելը» չի վախենում «Բավարիայից»

19:41 | Մարտ 13, 2012 | ՍՊՈՐՏ

Այսօր հայտնի կդառնան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի 5-րդ եւ 6-րդ մասնակիցները: Հիշեցնենք, որ անցած շաբաթվա ընթացքում այդ իրավունքը նվաճել էին իսպանական «Բարսելոնան», իտալական «Միլանը», պորտուգալական «Բենֆիկան» եւ Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում այսօր գերմանական «Բավարիան» կհյուրընկալի շվեյցարական «Բազելին», իսկ իտալական «Ինտերը»` ֆրանսիական «Մարսելին»: Երկու խաղերում էլ դաշտի տերերը կձգտեն չեզոքացնել առաջին խաղում կրած 0:1 հաշվի տարբերությունը:

Մասնագետների կարծիքով «Բավարիան» բոլոր շանսերն ունի հաղթահարելու բազելյան արգելքը, քանի որ իր վերջին խաղում ցույց է տվել գերարդյունավետ խաղ` սեփական դաշտում ջախջախելով «Հոֆենհայմին»` 7:1: Սակայն շվեյցարացիների գլխավոր մարզիչ Հայկո Ֆոգելը հայտարարել է, որ «Բազելը» հարգում է «Բավարիային», բայց բոլորովին էլ չի վախենում:

«Ինտեր» - «Մարսել» հակամարտությունում, ըստ մասնագետների, ընդգծված ֆավորիտ չկա: Երկու թիմերն էլ անհաջող են հանդես գալիս իրենց ազգային առաջնություններում: Միլանցիները սեփական հարկի տակ հաղթանակ չեն տարել հունվարի 22-ից հետո, իսկ մարսելցիները Ֆրանսիայի առաջնությունում չեն կարողանում կոտրել մրցակիցների դիմադրությունը վերջին 6 հանդիպումներում:

Ի դեպ, «Ինտերը» եվրոգավաթների շրջանակում արդեն երեք անգամ ուժերը չափել է «Մարսելի» հետ, եւ բոլոր խաղերում էլ պարտություն է կրել միեւնույն 0:1 հաշվով:

Հանդիպումներն, ինչպես միշտ, կսկսվեն Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100