Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիան գտնում է, որ Երեւանի «Փյունիկը» խախտել է ՖԻՖԱ-ի կանոնակարգը այդ երկրի ազգային հավաքականի պաշտպան Էմանուել Մբոլայի հետ պայմանագիր կնքելիս: Ուստի զամբիացիները դիմել են ՖԻՖԱ-ին` պահանջելով չեղյալ համարել այդ պայմանագիրը եւ ազատ կարգավիճակ տալ ֆուտբոլիստին:
Ըստ ԶՖՖ-ի` հայկական ակումբը ստիպողաբար է պայմանագիր կնքել տվել ֆուտբոլիստին` չստանալով նրա ծնողների համաձայնությունը (ՖԻՖԱ-ի օրենքով մինչեւ 18 տարեկան ֆուտբոլիստները կարող են պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել միայն ծնողների թույլտվության դեպքում):
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մբոլայով ներկայումս հետաքրքրվում է անգլիական «Տոտենհեմը», սակայն վերջինս ֆուտբոլիստի հետ բանակցությունները դադարեցրել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա պայմանագիր ունի «Փյունիկի» հետ: Զամբիացի ֆուտբոլիստի գործակալն այժմ սպասում են ՖԻՖԱ-ի պատասխանին: Նա տեղի լրատվամիջոցներով միանշանակ հայտարարել է, որ Էմանուել Մբոլան այլեւս չի վերադառնա Հայաստան:

