Ընդամենը մեկ մեդալ

11:28 | Հուլիս 27, 2009 | ՍՊՈՐՏ

Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 18 տարեկաններ) առաջնությունը: Նախ պայքարի մեջ մտան ազատ ոճայինները:

Մեր ըմբիշներն այս ձեւում նվաճեցին 4 մեդալ: Ամենաթեթեւ` մինչեւ 42 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Հայաստանի հավաքականի անդամ Արտակ Հովհաննիսյանը: Ցավոք, նրա թիմակիցները չկարողացան զարգացնել նրա սկսած հաղթարշավը:

Մեր երեք ըմբիշները` Վոլոդյա Ֆրանգուլյանը (50 կգ), Վալտեր Մարգարյանը 58 կգ եւ Էմին Գեւորգյանը 63 կգ բավարարվեցին բրոնզե մեդալներով, իսկ ահա մյուսները` ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:

Այնուհետեւ, մրցասպարեզ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր մարզիկները նվաճեցինք ընդամենը մեկ մեդալ: 50 կգ քաշային կարգում Լյուդվիգ Քոչարյանը մտավ կիսաեզրափակիչ, սակայն 2:9 ընդհանուր հաշվով պարտվեց ադրբեջանացի Էլդանիս Ազիզլիին:

Քանի որ վերջինս հաղթեց այս քաշային կարգում, մեր ըմբիշը 3-րդ տեղի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Նա օգտվեց լավ առիթից, եւ հաղթելով ուկրաինացի Ալեքսանդր Լիտվինենկոյին` արժանացավ բրոնզե մեդալի:Իսկ ահա 42 կգ քաշային Ալբերտ Վարդանյանն ու 58 քաշային Հայկ Արշակյանը չկարողացան հաջողության հասնել նման մենամարտերում եւ զբաղեցրին 5-րդ տեղը:

Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը: Այնուհետեւ հաջորդեցին Թուրքիայի ու Վրաստանի թիմերը:

 

 

Share |
Rambler's Top100