«Արարատը» զրկվում է Եվրոպայից

15:30 | Մայիս 11, 2009 | ՍՊՈՐՏ

Երեւանի «Արարատը» ամենայն հավանականությամբ չի մասնակցի ամռանը մեկնարկելիք Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Այդ մասին հայտնի դարձավ այսօր կայացած ՀՖՖ նախագահ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի ընթացքում:

Ֆեդերացիայի ղեկավարը, եւ արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը լրագրողներին տեղեկացրին, որ «Արարատ» ակումբը չի կատարել ՈՒԵՖԱ-ի արտոնագրման համակարգի պահանջները եւ չի կարող ստանալ արտոնագիր Հայաստանը եվրագավաթների խաղարկությունում ներկայացնելու համար: Պահանջները կատարելու ժամկետը լրացել է այսօր, իսկ առաջիկայում «Արարատը» իրավունք ունի բողաքարկելու արտոնագիր չստանալու որոշումը:

Ռուբեն Հայրապետյանը ասուլիսի ընթացքում հիմնականում խոսեց «Արարատ» ակումբի ղեկավարների կողմից նախորդ շաբաթ հնչեցված քննադատություններից: Հայրապետյանը խիստ զայրացած էր, որ «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանը տարբեր անձանց մոտ վիրավորական արտահայտություններ է կատարում իր հասցեին:

«Ինքնասպան կլինեմ, եթե Հրաչ Կապիրելյանի նմանները քայլեն կրունկիս մոտով», -նշեց Ռուբեն Հայրապետյանը եւ չբացառեց, որ Կապրիելյանի գլուխը «կսվաղի ասֆալտի վրա»:

ՀՖՖ նախագահին հատկապես զայրացրել է, որ «Արարատի» ղեկավարների այն հայտարարությունը, թե իրենք հայկական ֆուտբոլում ներդրումներ են անում եւ ցանկացնում են զարգացնել մարզաձեւը. «Ի՞նչ են արել այս 10 տարվա ընթացքում: Ո՞ւր են նրանց մանկապատանեկան դպրոցները, ի՞նչ են արել Ձորաղբյուրի մարզաբազայում: Ի՞նչ էին ներդրել, որ հիմա էլ դադարեցրին»:

Նախորդ շաբաթ «Արարատի» նախագահ Հրաչ Կապրիելյանի հետ միասին քննադատությամբ էր հանդես եկել նաեւ «Արարատի» համասեփականատեր հանդիսացող Արկադի Անդրեասյանը: Վերջինս եւս արժանացավ Ռուբեն Հայրապետյանի ուշադրությանը. «Արկադի Անդրեասյանը լեգենդար ֆուտբոլիստ է, բայց դրանից հետո նա տարիներ շարունակ չի կարողանում կայանալ մարզչական գործունեության մեջ: Ի՞նչ է արել Անդրեասյանը: Կործանել է բազմաթիվ տաղանդավոր ֆուտբոլիստների»:

Անդրեասյանը առաջարկել էլ մրցավարների համար ՀՖՖ-ից առանձին կոմիտե ստեղծել: Ռուբեն Հայրապետյանը առաջարկությանը պատասխանեց այսպես. «Ես, ընդառաջելով Հրաչ Կապրիելյանին եւ Արկադի Անդրեասյանին, թույլ եմ տալիս, որ իրենց հաշվին ամեն անգամ արտասահմանից մրցավար հրավիրեն Հայաստան, որը կսպասարկի «Արարատի» մասնակցությամբ խաղերը: Կարող են հրավիրել նաեւ իրենց ծննդավայրերից' Թուրքիայից եւ Ադրբեջանից»:

Ռուբեն Հայրապետյանին հարց ուղղվեց նաեւ «Բջնիի» հանքային ջրերի գործարանի մասին: ԱԺ պատգամավորը եւս մեկ անգամ հաստատեց, որ գնել է «Բջնին», բայց դատարանը չեղյալ է համարել աճուրդը եւ ինքը սպասում է իրադարձությունների հետագա զարգացման, ուստի չի կարող ասել, թե գործարանը երբ կսկսի գործել:

Share |
Rambler's Top100