Այս տարի շատ զույգեր կընտրեն սեպտեմբերի 9-ը' իրենց ամուսնական կյանքը սկսելու համար:
Երեք միանման թվերի համընկման օրը կարեւոր իրադարձություններ ծրագրելը նորաձեւություն դարձավ դարասկզբին' 01.01.01-ից: Երեք թվերի նկատմամբ վերաբերմունքը ակտիվացավ հատկապես երեք 7-ի 07.07.07. համընկման ժամանակ, շարունակվեց նաեւ 2008 թվականին
09.09.09-ին, սակայն, Հայաստանում ամուսնացողների թիվն, ըստ «Ա1+»-ի հարցումների, այնքան էլ շատ չէ: Պատճառը թեւերս այն մտավախությունն է, որ 999-ը դա շրջած 666-ն է:
«Ըստ վեդայական գրականության' 9 ագրեսիվ մոլորակի' Մարսի թիվն է: 999-ը ' դա արդեն եռակի ագրեսիա է: Բացի այդ' համարվում է, որ 9-ը թիվը դա 6 թվի հայելային արտացոլումն է: Իսկ եթե 666 բացահայտ է ընկալվում, ապա 999-ը իր մեջ թաքցնում է քողարկված վտանգ: Հիշենք 1999 թվականը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց աստղաբան Ալինա Դերձյանը:
Թեեւ այս օրը հայկական եկեղեցիներից շատերում նախատեսված են պսակադրություններ, սակայն Հայ Առաքելական եկեղեցին թվերի հետ ապագան կապելու մտայնությունը համարում է սնահավատություն:
«Դրա մեջ խորհուրդ չկա: Թվերը ստեղծել է մարդը, դրանք արաբական թվանշաններ են եւ դրանց հավատալը միամտություն է: Գեղեցիկ ամսաթիվը դեռ երջանիկ ամուսնական կյանքի երաշխիք չէ: Հարկավոր է հավատալ ոչ թե զուգադիպությանը, այլ Աստծուն»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ս. Հովհաննես եկեղեցու քահանա տեր Տիրայր Սահրադյանը:
Ինչևէ , ամուսնացողներ սեպտեմբերի 9-ին լինելու են, հարսանյաց սրահներ էլ վարձակալվել են մի քանի ամիս առաջ: Մի քանի սրահների հետ զրույցում պարզեցինք, որ մեկ համալիրում նույնիսկ նախատեսված է երկու հարսանիք, օրվա հետ կապված գնային տատանումներ էլ չեն եղել: Հետաքրքիր փաստ էր կապված «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հետ: Այստեղ սեպտեմբերի 9-ին ամուսնական արարողությունը նշող զույգը հերթում եղել է երրորդը, սակայն սրահը տրամադրվել է նրանց, քանի որ նախորդ երկու զույգերը տարբեր պատճառներով հետաձգել են հարսանիքը :
«Գեղեցիկ» ամսաթվերի օրը ամուսնանալու հնարավորությունը կպահպանվի հաջորդ երեք տարիներին:

