Վկայից մեղադրյալի կարգավիճակում հայտնված S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը այսօր մոտ 2 ու կես ժամ, բերանը ժապավենով կապած անցկացրել է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժնում եւ հրաժարվել ցուցմուքն տալ:
«Դա բողոքի ակցիա էր: Ես հրաժարվել եմ ցուցմունք տալ, քանի որ չեմ վստահում ոստիկանությանը»,- այսօր Ոստիկանությունից դուրս գալով` «Ա1+»-ին ասաց Մարիամ Սուխուդյանը:
Այն ընթացքում, երբ Մարիամը Ոստիկանության Էրեբունու բաժնում էր, մի շարք Հ/Կ ներկայացուցիչներ «Ոչ բռնությանը», «Մենք բոլորս Մարիամ ենք, մենք բոլորս ազնիվ ենք» պաստառներով բողոքի ակցիա էին կազմակերեպել Ոստիկանության շենքի մոտ:
«Սա պարզապես ակտիվ քաղաքացուն ոչնչացնելու միջոց է: Այստեղ քաղաքական հայացքների մասին էլ խոսք չկա: Սա շատ ավելի վտանգավոր երեւույթ է: Պետական մարմինները բռնության դեմ պայքարելու փոխարեն, ողջունում են երեխանների դեմ սեռական բնույթի ոտնձգությունները»,- Ա1+ին ասաց բողոքի ակցիայի մասնակից, «Թրանսփերանսի ինթերնեշնալ» կազմակերպության անդամ Սոնա Այվազյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսությունը հաղորդում էր պատրաստել, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի` Լեւոն Ավագյանի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին: Այս տեսանյութը Հ1-ին տրամադրել էր Մարիամը, որը հասարակական հիմունքներով աշխատել է գիշերօթիկ դպրոցում: Օգոստոսի 15-ին Մարիամը վկայից դարձել է մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Այն երեխաները, որոնք Մարիամին պատմել են, թե ուսուցիչ Լեւոն Ավագյանը ինչպես է սեռական բնույթի ոտնձգություններ կատարել իրենց նկատմամբ` հրաժարվել են իրենց պատմածից եւ ասել, թե Մարիամն է իրենց համոզել նման բաներ ասել: Ի դեպ, գիշերօթիկի 2 սաներից մեկը անչափահաս է, երկկողմանի ծնողազուրկ եւ թերհաս: Մարիամի փաստաբանը միջնորդել է փորձաքննության ենթարկել բռնության ենթարկված 2 աղջիկների ֆիզիոլոգիական վիճակը եւ նրանց մտավոր ունակությունները:
Այսօր Ոստիկանությունում Մարիամին եւ փաստաբանին ներկայացրել են փորձաքննության եզրակացությունը, որոնց մասին նրանք այսօր վաղ համարեցին խոսել:
Ոստիկանության վարկածը
Տեղի ունեցածի վերաբերյալ այսօր հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ Ոստիկանությունը: Ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
2008 թ. նոյեմբերի 15-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունից ոստիկանության Էրեբունու քննչական բաժին ստացվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի սաներ Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության 13.11.2008 թ. «Հայլուր»լրատվական ծրագրով հեռարձակված հաղորդման լազերային սկավառակը, որի վերարտադրությամբ առկա տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 11.02.2009 թ. հարուցվել էր քրեական գործ եւ կատարվում էր նախաքննություն:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2008 թ. մարտին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կամավորական խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը, Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում «Կրթական մուլտիմեդիոն նյութերի եւ աուդիոգրքերի պատրաստում» ծրագիր իրականացնելու համար, հայտ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ, որը հավանության է արժանացել, ապա ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 1 միլիոն ՀՀ դրամ, որը փոխանցվել է կրթահամալիրի ֆոնդին: Նշված ծրագրի շրջանակներում` 2008 թ. մարտ-մայիս ամիսների ընթացքում Նուբարաշենի թիվ 11 կրթահամալիրում բացվել է համակարգչային սենյակ, ձեռք է բերվել համակարգիչ, կազմակերպվել են խոհարարական դասընթացներ, ինչպես նաեւ` էքսկուրսիաներ, անգլերեն եւ ռուսերեն լեզուների ուսուցում, որոնք իրականացվել են Մ. Սուխուդյանի, Բ. Հովհաննիսյանի, Ա. Ղարիբյանի եւ Լ. Նուրիջանյանի կողմից:
Ծրագրի իրականացման սկզբնական փուլում, դեռեւս 2008 թ. ապրիլին, Մ. Սուխուդյանը կրթահամալիրի տնօրեն Մ. Ենգիբարյանից պահանջել է ծրագրի իրականացման համար նախատեսված եւ դպրոցի հաշվեհամարին փոխանցված 1 միլիոն դրամը կանխիկացնել եւ տրամադրել իրեն` ծրագրով նախատեսված միջոցառումների ծախսերն անձամբ կատարելու համար: Տնօրենը մերժել է նրա պահանջը: Այդ պատճառով Մ. Սուխուդյանն սկսել է դպրոցի վերաբերյալ տարածել կեղծ տեղեկատվություն` իբր հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ավագյանը կրթահամալիրի սան Դ. Ամիրխանյանի եւ այլոց նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել:
Կրթահամալիրի սաներ Լ. եւ Դ. Ամիրխանյանները, Մ. Դավթյանը, Ա. Պողոսյանը, Մ. Շամամյանը եւ Դ. Մկրտչյանը կտրականապես հերքել են Լ. Ավագյանի կողմից իրենց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հանգամանքը, իսկ Դ. Ամիրխանյանը նշել է նաեւ, որ հարցազրույցի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել է կրթահամալիրում բարեգործական աշխատանքներ իրականացնող Մարիամ Սուխուդյանի խնդրանքով: Նա նաեւ հայտնել է, որ 2008 թ. հուլիսին Մ. Սուխուդյանը եւ մյուսները այցելել են իր բնակարան, որտեղ Մ. Սուխուդյանն իրեն ուղղորդելով եւ հարցերի պատասխանները նախապես սովորեցնելով` տեսանյութ է պատրաստել:
2009 թ. օգոստոսի 15-ին Մարիամ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին£ Մ. Սուխուդյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

