Այս պահին շարունակվում է հայաստանաբնակ իրանցիների բողոքի ցույցը Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց:
Մոտ 7-8 տասնյակից ավել պաստառներով, կանաչ դրոշներով եւ փակ դեմքերով երիտասարդները իրենց բողոքն էին արտահայտում Իրանում ընտրությունների արդյունքների եւ քաղաքացիների նկատմամբ իրականացած բռնությունների դեմ:
"Որտե՞ղ է իմ ձայնը", "Մենք գաճաճ բռնապետ չենք ուզում" պաստառներով եւ վանկարկումներով նրանք Իրանի դեսպանատան դիմացի այգում սկսել են իրենց ակցիան ժամը 14-ից: Ավելի ուշ նրանց միացան այլ իրանցիներ ու մի քանի հայ ուսանողներ, ովքեր եկել էին աջակցելու իրենց իրանցի ընկերներին:
"Մենք Մուսավիին ենք ընտրել, քվեարկել ենք այստեղ` դեսպանատանը, որտեղ նա 1200 ձայն է հավաքել, ճնշող մեծամասնություն: Ու այսպես բոլոր երկրներում ու Իրանում: Ո՞ւր է մեր ձայնը",-"Ա1+"-ին ասաց իրանցի երիտասարդներից մեկը: Նշենք, որ ակցիայի մասնակիցները հիմնականում Հայաստանում սովորող ուսանողներն էին եւ դեմքները ծածկել էին` ճնշումներից խուսափելու համար:
"Ամենավտանգավորը իրենց դեպորտ անելն է: Եւ ոչ թե պարզապես հետ են վերադարձվելու, այլ ձերբակալվելու են որպես ակտիվիստ",-մեզ հետ զրույցում պարզաբանեց իրանահայ մի ուսանող:
Մասնակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ եթե պետք լինի` նստացույց կանեն եւ այնքան կմնան դեսպանատան դիմաց, մինչեւ արդարությունը վերականգնվի: "Մենք կապի մեջ ենք մերոնց հետ, իրավիճակը ծանր է նաեւ տանը, բայց մենք հույս ունենք փոփոխությունների",-մեզ հետ զրույցում ասաց իրանցի ուսանողուհիներից մեկը:

